Բազմաթիվ են դեպքերը, երբ տեսչական մարմինները ստուգայցերի ընթացքում, անհրաժեշտ են համարում կասեցնել տնտեսվարողի գործունեությունը: Բայց կարգավորումները դա թույլ չեն տալիս: Եթե տնտեսվարողը դիմում է դատարան, ապա կասեցման որոշումն ուժի մեջ է լինում, մինչև դատարանի վճիռի հրապարակումը:
Արթուր Ասոյան, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար - Անհարկի միջամտությունը բացառենք, այս կարգավորումներով տեսչական մարմինը կասեցումը կատարելու է բացառիկ դեպքերում:
Կառավարության ներկայացրած բնապահպանական վերահսկողության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելով` տեսչական մարմնին կտրվի աշխատելու նոր մեխանիզմներ: Կիրականացնեն նաև գործողության դադարեցում: Օրինակ, եթե ձկնաբուծարանը ջրառ է իրականացնում երեք կետից, երկուսի համար ունի ջրօգտագործման թույլտվություն, երրորդի դեպքում չունի: Այս դեպքում տնտեսվարողի գործունեությունը չի կասեցվի:
Արթուր Ասոյան, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար - Այլ կասեցնում ենք կոնկրետ գործողությունը, այսինքն` ջրառը երրորդ կետի, որն առանց թույլտվության էր, ապօրինի:
Արտակ Մանուկյանի հարցին՝ ինչո՞ւ մեխանիզմներ չեն կիրառվում գազալցակայաններում, եթե սարքերն այդքան էլ անվտանգ չեն, ՀԴՄ չեն տրամադրում, Արթուր Ասոյանի խոսքով` մշակվում են նոր մոտեցումներ:
Արթուր Ասոյան, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար - Նախատեսում ենք բենզինի լցարկիչը տեխնոլոգիաների կիրառմամբ կապենք ՀԴՄ սարքի հետ, այսինքն` ավտոմատացված համակարգ ենք ստանալու, լիցքավորելուց միանգամից ՀԴՄ-ն տպվելու է:
Քննարկվեց նաև COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը: Հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն առաջարկեց հանձնաժողովը կազմված լինի 12 անդամից՝ 7-ը «Իմ քայլը» խմբակցությունից, 3 -ը ՝ «Բարգավաճ Հայաստանից» և 2 անդամ՝ «Լուսավոր Հայաստանից»:
Կքննի՞ հանձնաժողովը ընդդիմության վարքագիծը, կապված իրարամերժ հայտարարությունների հետ: Լենա Նազարյանի դիտարկմամբ, ընդդիմության տեսակետները հակասական են՝ սկսած դիմակ կրել չկրելուց:
Լենա Նազարյան, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ - Մասնավորապես ասվել է, որ պետք է փակվի Իրանի և Իտալիայի սահմանները, հետո ասել եք կարանտին անվանումը կխանգարի, որ սահմանները բացվեն:
Մարուքյանի խոսքով` համավարակին պետք է գնահատել հնարավոր բոլոր ռիսկերը: Չի հիշում որևէ ընդդիմադիր պատգամավորի, որը խորհրդարանում կոչ է արել չկրել դիմակ: Բայց հիշեց՝ ասել են՝ ԱԺ նախագահը չի կարող պատգամավորին դահլիճից հեռացնել, եթե դիմակ չի կրում:
Էդմոն Մարուքյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար - Ինչպես տեսնում եք, այդ պատգամավորն այդ օրվանից մինչև այսօր չի գալիս նիստերին:
Միքայել Զոլյանի կարծիքով` համավարակն աշխարհում չի ավարտվել, որոշ երկրներում սպասվում է երկրորդ ալիքը: Գուցե սպասեն, համավարակը ավարտվի, կունենան օբյեկտիվ տվյալներ:
Էդմոն Մարուքյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար - Պետք չի սպասել, որ պանդեմիան ավարտվի, կարող է` չի ավարտվում, իսկ խորհրդարանը պիտի աշխատի:
Մարուքյանը կարծում է՝ ինքը հանձնաժողովի անդամ չի լինի: Քննիչ հանձնաժողովի առաքելությունը սխալները վեր հանել, շտկելն է:
Գևորգ Գորգիսյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր - Եթե հանձնաժողովը հանգի այն եզրակացությն, որ մարդիկ հրաշալի են աշխատել, բժիշկներին, միգուցե, ինչ-որ բան առաջարկվի շնորհել, եթե կա նախարար կամ պարետատան աշխատող, որը լավ է աշխատել, բան շնորհվի
Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում քննիչ հանձնաժողով ստեղծելուն, բայց ոչ այն կոնտեքստում, որը հնչում է ԱԺ նիստին: Խնդրեց գործընկերներին՝ հնարավորության դեպքում իրեն ևս ընդգրկել հանձնաժողովում՝ հարցեր ունի, կուզենա բարձրաձայնել` հանրության առջև որոշ գործընկերների գործունեությունը բացահայտելու համար: