Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով ուժի մեջ մտած Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ այն պետությունների ցանկում, որոնց հետ Ուկրաինան պատրաստվում է ռազմավարական գործընկերություն զարգացնել, ներառված է նաև Ադրբեջանը, սակայն բացակայում են մի քանի հարևան պետություններ: Այս մասին հայտնում է analitikaua.net-ը:
«Արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները» վերտառությամբ բաժնում առաջին տեղում են ԵՄ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ)՝ լիիրավ անդամակցության հստակ նպատակով:
Երկրների ցանկում, որոնց հետ Ուկրաինան մտադիր է զարգացնել «բազմակողմ համագործակցություն» և «ռազմավարական գործընկերություն», ներառված են ԱՄՆ-ը, Բրիտանիան, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև՝ Ադրբեջանը, Վրաստանը, Լիտվան, Լեհաստանը և Թուրքիան:
«Այս ցանկում Ադրբեջանի առկայությունը, մեղմ ասած, զարմանալի է: Այդ պետությունը ժողովրդավարության հաստատման հարցում միանշանակ չի կարող մեր գործընկերը լինել: Տնտեսական հիմքեր նույնպես չկան. 2020թ.-ի առաջին կիսամյակում մենք Ադրբեջան ենք արտահանել 179 մլն դոլարի ապրանք, դա Ուկրաինայի արտահանման ծավալի ընդամենը 0,78%-ն է». նշված է հոդվածում:
Դրա փոխարեն ցանկում ընդգրկված չէ Ռումինիան՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը:
«Եվ սա ավելի ցավալի է: Քանի որ այդ պետությունը Ուկրաինային աջակցելու և անվտանգության ապահովման տեսանկյունից մեծ նախադրյալ ունի, ինչը Կիևը, չգիտես՝ ինչու, անտեսում է». ասված է հոդվածում:
Նոր Ռազմավարության գերակայություններից չէ նաև Սլովակիան, որը Ուկրաինայի էներգետիկ անկախության առումով ավելի մեծ նշանակություն ունի, քան Ադրբեջանը: analitikaua.net-ը նշում է, որ ամբողջ գազն անցնում է Սլովակիայի սահմանով:
Պակաս կարևորություն է տրված «Բալթյան մյուս երկրներին (բացի Լիտվայից) և Հյուսիսային Եվրոպայի մի շարք պետություններին»: Եվս երկու հարևան պետություններ՝ Մոլդովան և Բելառուսը, ներառված են «պրագմատիկ հարաբերություններ» հատվածում: Իսկ Ասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի պետությունների հետ (առանց առանձնացնելու դրանցից որևէ մեկը) Ուկրաինան կզարգացնի «փոխշահավետ տնտեսական համագործակցություն»: Նշված է Европейская Правда-ում: