ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ասուլիսի ընթացքում անդրադառնալով «Լուրեր»-ի հարցին, որ այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանը» բարձրացնելու է նրա հրաժարականի հարցը և, զուգահեռ, քաղաքացիներին հրավիրելու են ԱԺ մուտքի մոտ, ի՞նչ է կարծում՝ արդյոք կա՞ն հիմքեր, որ նրա հետագա պաշտոնավարման հարցը դրվի վարչապետի քննարկմանը:
ԿԳՄՍ նախարարը նշեց, որ եթե նման հիմքեր լինեն, ինքը մեկ րոպե ավել չի մնա այդ պաշտոնին և դիմում կգրի: «Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել: Ես առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու, և այդ առաքելությունը ներկայումս իրականացնում եմ: Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ: Սխալ ուղղությամբ գնալու դեպքում ես ինքս հրաժարական կտամ. հիմա իմ օրակարգում նման հարց չկա»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այս ընթացքում, երբ երիտասարդները փողոցում կամ ավտոերթերով պահանջում էին նրա հրաժարականը և ցանկանում հանդիպել նրա հետ, մերժել է բողոքողներին ընդունել, նախարարն ասաց.
«Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է, և որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների ընթացքում և արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հենքը և հիմքը չի հանդիսանալու և լինելու է քննադատող, վերլուծող: Իսկ քննադատող, վերլուծող սերունդը, եթե վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ երբևէ որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու, և տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերն այլևս զրկվելու են մեր հասարակության մեջ որևէ աջակցությունից»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, նա այդ խմբերի հետ հանդիպում է, երբ խմբերը դնում են այնպիսի ծայրահեղ կետեր իրենց օրակարգում, ինչպիսին, օրինակ, հրաժարականն է, դա քննարկելն անիմաստ է համարում, որովհետև դա իրենց պայքարի և իրենց օրակարգի հարցն է և ամենևին ո՛չ իր օրակարգի: Հարությունյանը շեշտեց՝ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումն է:
«Ընդունելության քննություններից անմիջապես հետո ես երկու-երեք օր ամեն առավոտ հանդիպել եմ տասնյակ դիմորդների հետ, իսկ խումբը, որը բողոքում է և հետո նաև որոշ քաղաքական շրջանակների զոհ դարձավ, ես չեմ պատրաստվում այդ խմբի հետ հանդիպել, որովհետև իրենց օրակարգն այլ էր, և իրենց ակցիաների ընթացքում էլ դուք տեսաք, որ իրենց օրակարգն այլ էր»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ պատրաստ են ցանկացած քննարկման, և ցույց տվեց չափորոշիչների օրակարգը, ըստ որի՝ այդ թեմայի վերաբերյալ ունեցել են ավելի քան 15 հանրային քննարկում և բազմաթիվ առաջարկներ ներդրել են իրենց օրակարգում: