Մաքսատան պահեստը լեփ-լեցուն է, սակայն ներկրողները չեն շտապում մաքսազերծել, փոխարենը բողոքի ակցիայի են:
Շոր ու կոշիկ ներկրողները մի քանի օր է՝ պահանջում են վերանայել մաքսազերծման փոփոխությունները, ասում են՝ թող մնա նախկին կարգը: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ երկուշաբթի իրենց հրավիրել էին մաքսատուն՝ ծանոթանալու ապրանքի մաքսազերծման նոր կարգին:
Հարություն Աղաբեկյան (հագուստ ներկրող) - Մենք ուզում էինք իմանալ՝ այդ չնչին տոկոսն ինչքա՞ն է: Տարբեր տեսակի ապրանքների մասին հարցրինք՝ ինչքան է լինելու մաքսազերծումը՝ թե՛ կիլոգրամով, թե՛ հատով: Կոնկրետ ասեմ՝ 2 անգամից ավելի թանկ է լինելու, ոչ մի չնչին բան չի եղել:
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, սակայն, պնդում է, որ մի քանի անգամ հանդիպել են ներկրողների հետ, նրանց ներկայացրել կոմիտեի հաշվարկած թվերը, և ոչ մի տնտեսվարող չի առարկել:
Շուշանիկ Ներսիսյան (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ) - Հիմա մենք գնում ենք դաշտի կարգավորման, որովհետև մի օր այս դաշտը պետք է կարգավորվի թե ոչ: Ես կարող եմ փաստել, որ հագուստի ներկրումը այն եզակի ոլորտներից է , եթե ոչ միակ ոլորտը, որը դեռևս տարատեսակ տնտեսվարողների համար տարատեսակ մոտեցումներ է կիրառվում և կարգավորված չի: Սա մի օր պետք է կարգավորվեր և սեպտեմբերի 1-ից մենք բռնել ենք հագուստի շուկայի կարգավորման ուղին:
Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորում են իրենց հավաքները չքաղաքականացնել, իրենց ցանկությունը միայն վարչապետի հետ հանդիպումն ու ոլորտում փոփոխությունների բացառումն է: Ասում են՝ համավարակի պայմաններում իրենց բիզնեսը մի կերպ է գոյատևում, միայն աշխատել են ուզում:
Սիրանուշ Գևորգյան (հագուստ ներկրող) - Կոշիկը կաշվե հատով մաքսազերծում է 17 դոլարով, կամ կոստյումը, որը կշռում է 1 կգ, 3.23-ից դառնում է 13 դոլար: Եթե հաշվարկ են արել, որ էս միջոցով բյուջեի հոսքերը ավելացնեն, դա շատ սխալ հաշվարկ է:
Շուշանիկ Ներսիսյանը հակափաստարկ է ներկայացնում: 13 դոլար սահմանվել է նվազագույն մաքսային արժեքը, այսինքն՝ ապրանքի նվազագույն գինը այլ երկրում:
Շուշանիկ Ներսիսյան - 13 դոլարը բազա է մաքսային վճարների հաշվարկի համար: Այս պարագայում 5 դոլարի սահմաններում է լինելու ամեն պիջակի համար մաքսային արժեքը:
ՊԵԿ փոխնախագահը վստահեցնում է նաև, որ մոնիթորինգ են իրականացրել տոնավաճառներում: Պարզել են՝ տղամարդու պիջակը վաճառում են 30 հազար դրամով:
Շուշանիկ Ներսիսյան - Որ միջինացնում ենք, ստացվում է, որ տոնավաճառներում այս պիջակը, որի համար վճարվել է 13 դոլար Թուրքիայում, որի համար մոտավորապես վճարվել է 5 դոլար մաքսային մարմիններին, ևս 1 դոլար մաքսիմում՝ բեռնափոխադրման համար, մի փոքր էլ ավելացրեք կողմնակի ծախսերը, միասին եկավ-կանգնեց 21-22 դոլար ապրանքի ինքնարժեքը, չստացվե՞ց, որ կրկնակի շահույթ է այստեղ հետապնդում:
Որպես օրինակ՝ ՊԵԿ-ում հաշվում և ցուցադրում են ջինսե տաբատի մաքսային արժեքն ու մաքսազերծման գինը:
Աղասի Աղայան (ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ) - Նույն ջինսե տաբատի օրինակը բերելով, որի համար հատի մաքսային արժեք սահմանված է 7 դոլար, և, բազմապատկելով յուրահատուկ մաքսատուրքով և ԱԱՀ-ով, 1 ջինսի մաքսային արժեքը կկազմի 2.75 դոլարի սահմաններում:
Փոփոխություններով մաքսազերծումը 1.5-2 անգամ է թանկանում. նպատակը ոչ թե թանկացումն է, այլ բոլորի համար հավասար պայմանների ստեղծումը՝ պնդում է Շուշանիկ Ներսիսյանը:
Բարդ է լինելու երկու կողմերի համար էլ, բայց ՊԵԿ փոխնախագահը վստահ է՝ տնտեսվարողների հետ աշխատելով հաղթահարելու են բոլոր բարդությունները: