ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները:
Նախարարը նշեց, որ անցած տարվանից մեկնարկած հանրակրթական պետական չափորոշիչների նախագիծն արդեն Կառավարության աշխատակազմում է և մոտ ժամանակում կընդունվի:
«Տեղի է ունենում առարկայական չափորոշիչների քննարկում, որը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է, որովհետև երբեք առարկայական չափորոշիչները նման քննարկում և նման բաց քննարկում չեն ունեցել: Մենք այս պահին e-draft համակարգով ստացել ենք ավելի քան 2000 առաջարկ, և նախագիծն ու նախագծերն ամենաքննարկվածներն են»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ քննարկումներում ներգրավված են շուրջ 6000 ուսուցիչ, ակադեմիական շրջանակներից ևս առաջարկներ են ստացվել:
«Այն, որ ներկայացնում են, թե ակադեմիական շրջանակները չեն մասնակցում այս քննարկումներին, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ ընթացքի մեջ են Կրթության, երիտասարդության, մշակույթի սպորտի և գիտության 2021-25 թվականների ռազմավարության մշակման աշխատանքները: Հաջորդ ամսվանից հանրային քննարկման կդրվի դրանցից մի քանիսը: Այս տարի ընդունվել է նաև «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը, որը, նախարարի խոսքով, ամբողջությամբ փոխվել է:
««Հանրակրթության մասին» օրենքում նույնպես փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք համակարգային բնույթի են եղել և արտացոլվել են Կառավարության որոշումներում և նախարարի հրամաններում: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, կարծում եմ, այս տարվա ամենամեծ բարեփոխումն է, որ տեղի է ունենալու: Ներկայումս օրենքը կառավարությունում է, և այս ամսվա ընթացքում այն կուղարկվի ԱԺ»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Մշակվել է նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեի ֆինանսավորման նոր կարգ: Նախարարի խոսքով՝ այն անհավասարությունները, որ կային դպրոցների միջև, կմեղմվեն: Նախարարը տեղեկացրեց, որ մշակվել է սահմանամերձ և բարձր լեռնային համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղելու նոր նախագիծ, որով առաջարկվում է նրանց տրամադրել 30 տոկոս աշխատավարձի հավելում և այլ արտոնություններ: Այն ուժի մեջ կմտնի 2021 թվականից:
Նախարարը շեշտեց, որ հաստատվել է օլիմպիադաների հաղթողներին անվանական կրթաթոշակ, որը նախկինում չի եղել: Վերանայվել է ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտության աջակցության ծրագիրը:
««Իմ քայլը» հիմնադրամի հետ իրականացվում է առաջատար բուհերում սովորելու համար կրթաթոշակի տրամադրման ծրագիր՝ պայմանով, որ սովորողները վերադառնալու են և աշախատելու ՀՀ-ում»,- ասաց նախարարը: