Խաղողի ակտիվ բերքահավաքին շուտով կհաջորդի ակտիվ այգեթաղը, սակայն այս այգում աշնանը վազերը հողով չեն ծածկի: Տարվա ընթացքում այգին թունաքիմիկատով չեն մշակել: Օգտագործել են միայն Կանադայից ներկրած հանքային պարարտանյութ, որով մշակելու տեխնոլոգիան, ըստ մասնագետների, հնարավորություն է տալիս աշնանը այգին չթաղել:
Վահան Ղազարյան (փորձարկող ընկերության ղեկավար) - Առաջին անգամ փորձարկել ենք 1919 թվականի գարնանը, հետևաբար սա երկրորդ տարին է, որ մենք այս տեխնոլոգիաները կիրառում ենք:
Ավելի քան 100 հեկտարի վրա նոր տեխնոլոգիայով փորձարկված այգիների տերերն արդեն երկրորդ տարին է՝ սպասում են խիստ ցրտահարության: Այգեգործ Գագիկ Շահինյանն անձնական փորձով է համոզվել՝ Արարատի մարզի իր այգում խաղողի վազերի բերքատվությունն ավելացել է:
Գագիկ Շահինյան (այգեգործ) - Ամեն տարի գարնան ցրտերն էին տանում, ոչ թե ձմեռը, իսկ էս տարի այգին շատ ուշ բացվեց: Մոտ 4000 մետր այգի էր, հույս ունեմ, որ մինչև 12 տոննա կքաղեմ:
Նոր պարարտանյութերի մշակման դեպքում նիտրատների քանակը նվազում է, ավելանում է շաքարայնությունը, ինչն էլ հնարավորություն է տալիս բերքահավաքը շուտ կազմակերպել:
Վահան Ղազարյան - Ինչքան շուտ են բերքը հավաքում, այնքան վազը շուտ է սկսում պատրաստվել ձմռանը: Մնացած սնունդը օգտագործում է իր հզորանալու համար: Այդ շաքարը օգտագործում է, որպեսզի ձմռանը դիմակայի:
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Ամենակարևոր հատկությունը խաղողի վազին ցրտադիմացկունություն հաղորդելն է, որն այսօր շատ է պետք մեր ֆերմերին:
Բաղրամյանի և Վայքի այգիներում փորձարկումների արդյունքում գրանցվել է մինչև 30 տոկոս բերքատվության, հինգ նիշով շաքարայնության ավելացում:
Պարարտանյութը Հայաստանում գրանցված է՝ ասում է էկոնոմիկայի նախարարի տեղակալը, հիմա փորձարկում են կիրառման տեխնոլոգիան, դրական արդյանքների դեպքում այն ևս կգրանցվի: