ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անվստահություն է հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:
Վերջինս ներկայացնելով իր դիրքորոշումը՝ շեշտեց, որ «Լուսավոր Հայաստանի» այս նախաձեռնությունն ավելի կուժեղացնի նախարարությանը, որովհետև հաճախ կան դիտարկումներ, թե իրենք չեն ներկայացնում իրենց ամբողջ արածը, իսկ դրանք շատ են, ու սա լավ առիթ է:
«Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, իմ կարծիքով, բնական են: Ես կրթության ոլորտից եմ: Եղել եմ Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի նախագահ ու լավագույնս տեղյակ էի, թե ուր եմ գալիս: Գիտեի այն ծանրությունը, որ վերցնում եմ ոլորտում բարեփոխումներ նախաձեռնելով, և թե ինչ դիմադրության է դա արժանանալու»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով կրթական բարեփոխումների շուրջ առկա լարվածությանը՝ նախարարը նշեց, որ կան օբյեկտիվ պատճառներ: «Ըստ ամենայնի, հանրության, Ազգային ժողովի մի շարք շահագրգիռ խմբերի՝ մի կողմից և նախարարության միջև՝ մյուս կողմից գոյություն ունեցող կոմունիկացիոն հարցերն են, որոնք շտկելի են: Թեպետ կան ծայրահեղ սուբյեկտիվ պատճառներ, որոնց մեծ մասն անընդունելի է, անհասկանալի և մերժելի»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Նախարարը նշեց, որ Կառավարությունը, նախարարությունն ունեն բարեփոխումների ժամանակացույց, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում ֆորսաժների և արագացումներ կամ դանդաղումներ հարուցելու համար:
«Մեր կարծիքով՝ տասնյակ և հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ իրենց վրա զգացել են բարեփոխումների կառուցվածքային, ենթակառուցվածքային, նյութականին միտված բարերար ազդեցությունները: Տասնյակ նոր դպրոցներ, նախակրթարաններ, մշակութային հաստատություններ են ստեղծվել և ստեղծվում համայնքերում»,- ասաց նախարարը՝ թվարկելով այդ համայնքներն ու հավելելով, որ առնվազն այդ համայնքներում չեն հավատալու կոյուղաջրերի հետ խաղալը չարաշահողներին, իր խրտվիլակով ամբողջ Հայաստանը շրջած և փոքր թվով մարդկանց աջակցությունը ստացածներին, նախարարի խոսքով, երրորդ ուղու մանիպուլյացիաներով շարունակ զբաղվողներին ու տուկի թելով գերողներին:
«Երբևէ Հայաստանի պատմության մեջ չեք գտնի մի իրավիճակ, երբ որևէ գերատեսչություն այս ծավալի հայեցակարգային ու մայր օրենքներ ու փաստաթղթեր զուգահեռ մշակի և ներկայացնի: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքն ընդունվել է, «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքը հաջորդ շաբաթ կլինի ԱԺ-ում: 5 ոլորտային ռազմավարություններ, որոնց մի մասն արդեն հաջորդ ամիս կդրվեն հանրային քննարկումների, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթն ընդունվել է և կիրարկվում է»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ չեն ուզում շտապել և ունենալ այնպիսի մի փաստաթուղթ, որը երբեք չի կատարվի, ինչը, նախարարի խոսքով, եղել է նախկինում:
«Մտահոգ այս յարուսը ժամանակին չէր մտահոգվում, որ ռազմավարությունը չկար, կամ իրենց մասնակցությամբ Կառավարությունը չի հետևում այդ ռազմավարությանը»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ այն պահին, երբ քաղաքական թիմն արձանագրի, որ սխալ ուղղությամբ են գնում, մի րոպե ավել չի զբաղեցնի այդ պաշտոնը: