ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ դիմակ չկրելու դեմ տուգանքները որքանո՞վ են արդարացված որպես պայքարի միջոց:
«Մեր սիրելի հայրենակիցները, որ տուգանվում են՝ դիմակ կրո՞ւմ են, թե՞ չեն կրում: Չեն կրում, որ տուգանվում են: Օրինակ՝ տեսնում եք, որ ես ինքս, Կառավարության անդամները՝ բոլոր հնարավոր տեղերում, չնչին բացառություններով, դիմակներով ենք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ բանավեճն իր համար անհասկանալի է:
«Մենք ասում ենք՝ դիմակ կրեք, սիրելի՛ քաղաքացիներ, որպեսզի կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարենք, որպեսզի սահմանները բացվեն, չվերթերը, տնտեսությունն էլ բացվի, և մենք վերադառնանք մեր բնականոն կյանքին: Հիմա դուք ասում եք՝ մի՛ տուգանեք: Իսկ քաղաքացիներին երբևէ կոչ արե՞լ եք՝ դիմակ կրեն»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ համավարակի պայմաններում դիմակ չկրելու համար տուգանքը Հայաստանում աշխարհի շատ երկրների համեմատ ամենաքիչն է:
«Հայաստանում դիմակ չկրելու համար տուգանքները աշխարհում երևի նվազագույնն են: Երևի ոչ մի երկիր ավելի ցածր տուգանք չի նշանակել, ինչքան Հայաստանի Հանրապետությունը: Կոչ արեք քաղաքացիներին դիմակ կրել,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ոստիկանությունը որքան տուգանում, այդքան էլ դիմակ է բաժանում քաղաքացիներին:
Փաշինյանի խոսքով՝ պատգամավորներ կան, որոնք ԱԺ ամբիոնից առանց դիմակի են խոսում և չեն տուգանվում: «Այո, պետք չէ պապիկներին տուգանել, պետք է այդ պատգամավորներին տուգանել»,- շեշտեց նա:
«Հիմա որ քննիչ հանձնաժողովը կստեղծվի, որ կպարզի, որ կորոնավիրուսի հետ կապված Կառավարության սխալը որն է եղել: Եղել է շատ կարևոր սխալ, որ կորոնավիրուսի սկզբնական շրջանում ամենակոշտ վարչական և ուժային մեթոդները չեն կիրառվել»,- ասաց վարչապետը: