Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն իր ելույթում նշեց՝ կարծում է՝ բոլորն էլ համամիտ են, որ կրթությունն ունի առանցքային կարևորություն մարդկային կապիտալի զարգացման գործում:
«Կկարողանա՞նք ձևավորել, բարձր զարգացածության մակարդակի հասցնել մարդկային կապիտալը և արտադրողականությունը, կարո՞ղ ենք հասնել նրան, որ մեր երկիրը կլինի բարձր տնտեսական զարգացում ունեցող, ապրող երկիր. չե՞նք կարողանա՝ կտապալենք դա, կմնա երազանքների շարքում:
Պարո՛ն նախարար, Դուք պատասխանատու եք մարդկային կապիտալի զարգացման համար: Գերխնդիրները և գերակա խնդիրները չափազանց շատ են: Արդյոք երկու տարվա մեջ կարո՞ղ էինք այդ խնդիրները լուծել. իհարկե ո՛չ: Կարծում եմ՝ որևէ մեկը չի ակնկալում, որ դրանք բոլորը կլուծվեին, բայց մարդկային կապիտալի զարգացման ռազմավարությունների շուրջ ստանալ հանրային կոնսենսուս, ներկայացնել դա և հիմքերը դնել բոլոր այդ գերակա բարեփոխումների, կարծում եմ՝ բավարար ժամանակ է»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ կարծում է՝ բոլորն ուզում են, որ կրթությունը լինի ճանաչելի ամբողջ աշխարհում:
«Ուզում եմ՝ ունենանք այնպիսի գիտական կարողություններ, որ աշխարհի տեխնոլոգիաները կարողանանք յուրացնել և կիրառել այստեղ, իսկ հետագայում նաև լինենք տեխնոլոգիաներ արտադրող և արտահանող երկիր: Ուզում եմ՝ մեզ մոտ ուսուցիչն ունենա բարձր սոցիալական կարգավիճակ, բարձր վարձատրվող մեծ հեղինակություն ունեցող մարդ»,- ընդգծեց Խաչատրյանը՝ նշելով, թե արդյոք այդ ուղղությամբ բավարա՞ր քայլեր են կատարվում և ինչի համար են այդ ամենի փոխարեն, օրինակ՝ մտնել հայագիտական առարկաների բանավեճերի մեջ, որի շուրջ, նրա խոսքով, հանրային կոնսենսուս չկա, և ինչի՞ համար են այդ բուհերի խորհուրդների շուրջ խմորումները: