Դաշտամիջյան ճանապարհը տանում է դեպի Ամուլսարի փեշեր: Ծովի մակերևույթից 2250 մ բարձրության վրա արդեն երկրորդ տարին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախմբի կազմում իր և աշխարհի համար նոր բացահայտումներ է անում նաև երիտասարդ հնագետ Մհեր Խեչոյանը:
Մհեր Խեչոյան (հնագետ) - Գտել ենք վանակատի բեկորներ այսօր: Սրանցից պատրաստվել են և՛ նիզակներ, և՛ քերիչներ, և՛ դանակներ, և՛ նետասլաքներ: Էն ժամանակվա իրենց գործիքների համար ամենակարևոր հումքն է եղել:
Խոսքը Ք.ա. 3500-2500-ական թթ. մասին է: Հենց այդ ժամանակաշրջանին է վերագրվում «Վերին զույգաղբյուր» դամբարանադաշտի տարածքում պեղվող դամբանաբլուրը: Գորայք գյուղից մոտ 7 կմ հեռավորությամբ, Որոտանից ձախ գտնվող հուշարձանախումբը հայտնաբերվել է 2011 թ.:
Հակոբ Սիմոնյան (արշավախմբի ղեկավար) - Տարածքի ուսումնասիրությունը նախաձեռնեց այն ժամանակ «Գեոթիմ» ընկերությունը: Եվ մենք այստեղ ուսումնասիրեցինք 35 հազ. հա տարածք, հայտնաբերվեց 480 հուշարձան, մինչ այդ գոնե 1 հուշարձան հայտնի չի եղել: Ամենից կարևոր ու նշանավոր հուշարձանը, փաստորեն, այդ դամբանաբլուրն էր:
3 մ բարձրություն, 40 մ տրամագիծ ունեցող դամբանաբլուրն այսօրվա տվյալով ամենամեծն է Հայաստանում՝ բացառիկ իր կառուցվածքով և ասելիքով:
Հակոբ Սիմոնյան - Քարե պատերով վերգետնյա դամբանախուց է եղել, որի վրա հետո բարձրացրել են այդ դամբարանը, հետո ծածկել սալիկներով. սալածածկ դամբարան մեզ մինչ այս հայտնի չի եղել:
Հովիվների առաջնորդի կամ ցեղապետի բրոնզեդարյան դամբարանը նաև պաշտամունքային վայր է եղել: Հայտնաբերվել է վանակատի մոտ 10 հազ բեկոր, այնպիսի քանակ, որ կարելի է ձեռք բերել շատ հարուստ բնակատեղիների պեղումների ժամանակ: Այդ թիվը դեռ եռապատկվելու է՝ համոզված է արշավախմբի ղեկավարը:
Հակոբ Սիմոնյան - Այսօրվա ամենամեծ գյուտն այն է, որ մենք հայտնաբերել ենք մի նետասլաք, որը հատուկ է յամնայա կուլտուրային, և այս նետասլաքի այստեղ գտնելը գալիս է հաստատելու մարդաբանական դիտարկումները, որ Հայկական լեռնաշխարհի և հարավային ռուսական տափաստանների միջև բրոնզի դարում 3500-2500 թթ. միջակայքում եղել են բավական սերտ կապեր:
Հայտնաբերված ձիու ատամները ևս այս տեսակետի օգտին են: Բացի դրանից՝ տարածված տեսության համաձայն՝ հարավային ռուսական տափաստաններում են բնակվել առաջին հնդեվրոպացիները: Հիմա հիմքեր են ի հայտ գալիս պնդելու, որ հենց Հայկական լեռնաշխարհն է հնդեվրոպացիների հայրենիքը:
Հակոբ Սիմոնյան - Կան որոշակի կռվաններ՝ հիմնավորելու, որ այս մշակույթը մեզ թողնողները՝ բրոնզի դարի Սյունիքի նահապետը, եղել է հնդեվրոպացի:
Ճառագայթներն ուրվագծվել են Մեծ դամբանաբլրի հարևանությամբ քարալիցքով ծածկված ևս մեկ դամբարանի պեղման ընթացքում:
Իրեն Քալանթարյան (Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող) - Կարծում ենք, որ դրանք ներկայացնում են ծիսական արարողության մի մաս: Մեր քարալիցքի վրա ունենք ձիու ատամներ, որ զոհաբերություն է, պարզ է, շատ կանոնավոր դրված էր քարի վրա, նշանակում է՝ շատ կարևոր անձ ունենք այստեղ:
Հարուստ պեղածոյով աշխատանքը շարունակվում է երեկոյան: Դրանց մի մասը դեռ Գորայքում է: Մյուսներն ուղարկվել են լաբորատոր ուսումնասիրության, օրինակ՝ ժամանակաշրջանի համար բացառիկ ապակյա այս աչքաուլունքը: