Հույս և ակնկալիք. նվեր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին: 103-ամյա կտավը մեկ շաբաթ էլ չկա Հայաստանում է՝ դեսպանի կեցավայրում:
2021-ին լրանում է Վիլսոնի նախագահության 100 տարին, դեսպան Թրեյսին էլ որոշեց Ամերիկայից՝ նախագահի թանգարանից, հենց այս նկարը բերել: Ընկերներն են Միացյալ Նահանգներում՝ Վիլսոնի թանգարանում տեսել հայ աղջկա դիմանկարը:
Լին Թրեյսի, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան - Ես երկար ժամանակ կեցավայրի համար նկարներ էի փնտրում, այդ ժամանակ էլ ընկերներս պատմեցին այս նկարի մասին: Սա ևս մեկ քայլ է ցույց տալու հայ-ամերիկյան երկարատև բարեկամությունը, որը հիմնված է նաև մշակութային արժեքների վրա:
Մեծ Եղեռնի տարիներին միացյալ Նահանգները՝ 28-րդ նախագահ Վիլսոնի ղեկավարությամբ, 1917-ից սկսած, ակտիվ դեր խաղաց հայ ժողովրդին օգնելու հարցում: Հենց նույն տարում գեղանկարիչ Հակոբ Փուշմանի կնոջ՝ Ջուլիայի ղեկավարությամբ, հայկական պատվիրակությունն այցելեց Սպիտակ տուն՝ հանդիպելու նախագահ Վիլսոնին: Այդտեղ էլ ամենաերիտասարդ անդամը՝ Ալիջ Քյուրքչյանը, նվիրեց այս կտավը՝ որպես երախտիքի նշան հայ ժողովրդին աջակցելու համար:
Լին Թրեյսի, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան - Նկարում արտացոլված է հույսը՝ ի դեմս ողբերգության, ապացույց, որ Հայաստանն ու Ամերիկան միմյանց կողքին են ինչպես ուրախ, այնպես էլ տխուր օրերին:
Կտավում Փուշմանի զարմուհին է՝ Դորան: Ձեռքին անթառամ կա, որը հույսն է, հայ ժողովրդի ապագան: Ավելի ուշ Ալիջ Քյուրքչյանն իր հուշերում գրել է՝ ինչպես է Վիլսոնն արտասվել, մաքրել արցունքները, շնորհակալություն հայտնել:
Լին Թրեյսի, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան - Առաջին անգամ տեսնելով կտավը` Հայաստանում նորից զգացի Հայաստանի ուժը, հպարտություն, ինչպես ձեր լեռները: Կտավը կախվել է Սպիտակ տանը, և այնտեղ մնացել մինչև 1921 թվականը՝ նախագահ Վիլսոնի պաշտոնավարման ավարտը:
Սպիտակ տնից հետո Վիլսոնները բնակվեցին Վաշինգտոնի առանձնատանը, որտեղ կտավը կախված էր բուխարու վերևում՝ այն սենյակում, որտեղ հյուրեր էին ընդունում: «Հույս և ակնկալիք» կտավը դեսպանի կեցավայրում կմնա հինգ ամիս: Այդ ընթացքում Լին Թրեյսին կյուրընկալի հնարավորինս շատ մարդկանց, որ տեսնեն ու զգան այն հույզերը, ինչպես ինքը՝ վերջին օրերին: