Ի հեճուկս որոշ քաղաքական ուժերի ու քաղաքացիների պահանջի՝ նախարար Արայիկ Հարությունյանը մտադիր չէ հրաժարական տալ։ Հայտարարում է՝ ոլորտում լուրջ բարեփոխումներ են կատարվում, և հեռանալու հիմքեր չկան։ Իր հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցն առաջ քաշողներին էլ հիշեցնում է՝ 2016 թվականը, երբ ՏԻՄ ընտրություններում քաղաքացիական պայմանագրի պարտությունից հետո, ինքը որպես կուսակցության վարչության նախագահ հրաժարական տվեց։
Արայիկ Հարությունյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Ես կխնդրեմ մեր գործընկերներին ամպագոռգոռ հայտարարություններով և հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետև ես չեմ վախենում դրանից: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ, ես առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու, և եթե ես ինքս կզգամ՝ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ,- իսկ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ հիմա,- սխալ ուղղությամբ գնալու դեպքում ես ինքս հրաժարական կտամ: Հիմա իմ օրակարգում նման հարց չկա:
Լրագրողները նախարարին, սակայն, հիշեցնում են, որ իր աշխատանքից դժգոհողները միայն Լուսավոր Հայաստանն ու որոշ ուսանողներ չեն։ Իմ քայլից Արսեն Ջուլֆալակյանը մանդատը վայր դրեց՝ հայտարարելով՝ սկզբունքային անհամաձայնություններ ունի Հարությունյանի կառավարման մոտեցումների հետ, ու նրա որդեգրած ուղին անհեռանկար որակեց։ Իր թիմակցի բնորոշումները մեկնաբանել նախարարը չի շտապում, միայն ասում է՝ անցած ամիսներին Ջուլֆալակյանի հետ 0 քննարկում են ունեցել, թեև խնդիրներից խոսելու առիթներ պատգամավորն ունեցել է։
Արայիկ Հարությունյան - Կարող էր հարցը բարձրացնել, բայց չի եղել:
Քաղաքական թեմաներից անցում կատարվեց կրթությանը. նախարարն արձանագրում է՝ առաջին օրը դպրոցներում 97 տոկոս հաճախելիություն է եղել, արդյունքը գոհացուցիչ է։ Կորոնայով պայմանավորված անհարմարություններն էլ պետք է լինեն, որ դասապրոցեսը չընդհատվի, լոքդաունի չգնան։
Սահմանված ուղեցույցն էլ է վերանայվելու: Նախարարը չի բացառում, որ եթե իրավիճակը թույլ տա, աշակերտների համար դիմակները պարտադիր չլինեն։ Իսկ առայժմ դրանք պետք է կրել. առողջապահության նախարարության ցուցումն է։ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ թեստավորվող ուսուցիչների ընդմանենը 1 տոկոսի մոտ է վարակ հայտնաբերվել։ Պրոցեսը շարունակական է լինելու։
Արված աշխատանքներից էլ նախարարը շեշտադրեց առարկայական չափորոշիչների մշակումը։ Ասաց՝ երբեք նման լայն քննարկում չի եղել, 2000 առաջարկ են ստացել, 6000 ուսոցիչ է ներգրավված եղել։ Հարությունյանը ապատեղեկատություն է որակում լուրերը, որ ակադեմիական շրջանակները չեն մասնակցել պատմության չափորոշիչների մշակմանը։
Տարվա բարեփոխումներից Հարությունյանը առանձնացրեց բարձրագույն կրթության մասին նոր օրենքի մշակումը. այն շուտով կգնա խորհրդարան։ Մեծ թափով առաջ գնացող դպրոցաշինությունն էլ ընդգծեց, նշեց՝ թվերն աննախադեպ են. այս պահին նախարարության ծրագրերով 8 ավագ դպրոց է վերակառուցվում, այս ամիս էլ 22 փոքր դպրոցի շինարարություն կսկսվի, որոնք, նախարարի խոսքով, նոր գույն կտան ամենահեռավոր համայնքներին։