Երբ ես Գեղարքունիքի մարզում սուբվենցիոն ծրագրերը նայում էի, Գեղարքունիքի մարզն աշխատանքի մեկնող քաղաքացիների ամենամեծ թիվն ունի: Այս բոլոր սուբվենցիոն ծրագրերում մարդիկ կային, որ ներգրավված էին, կոնկրետ թիվ այս պահին ասել չենք կարող, բայց ես ուրիշ տվյալներ կարող եմ ասել:
Մենք տվյալներ ունենք, որ այս տարի շատ մարդիկ են գյուղատնտեսությամբ զբաղվել, և ես կարող եմ ուրիշ վիճակագրություն անել, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում մենք մի շարք մշակաբույսերի, մի շարք ապրանքների մասով ունեցել ենք շատ էական արտահանման աճ, ունեցել ենք նաև աշխատատեղերի աճ:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի՝ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիների զբաղվածության խնդրին վերաբերող հարցին:
«Մոնիթորինգի հարցը մեր օրակարգի ամենակարևոր հարցերից է, և մենք պետք է կողմնորոշվենք, թե ինչ կարգի գործողություններ պետք է անենք, որպեսզի խթանենք ակտիվությունը աշնանային շրջանում, որպեսզի կարողանանք մեր սոցիալ-տնտեսական իրավիճակը կառավարելի պահել:
Բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մի վիճակագրություն հստակ կա. որևէ կասկած չկա, որ կորոնավիրուսը բերել է սոցիալական և տնտեսական բարդություններ, դժվարություններ, բայց և չեն իրականացել և չեն իրականանալու կանխատեսումները, որ Հայաստանում լինելու է սոցիալական կամ տնտեսական կոլապս, ակնհայտ է: Իրավիճակը կառավարելի է: Այո՛, կապիտալ ծախսերի հետ կապված մենք խնդիր ունենք, ավանդական խնդիր է, և մենք շատ ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի կապիտալ ծախսերի հետ կապված՝ մեր գործերն ավելի ինտենսիվ գնան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ աշնանը նոր նախագծեր կաշխատեն իրականացնել, որպեսզի խթանեն շինարարությունը և տնտեսության մյուս ճյուղերը:
«Կառավարությունը իր ձեռքը պահում է զարկերակի վրա, որպեսզի գործողությունները լինեն հասցեական և էֆեկտիվ»,- հավելեց վարչապետը: