Հայաստանի համախառն ներքին արդյունքը կանխատեսվող 4 տոկոսի փոխարեն 6.2 տոկոս անկում կապրի: Անկման տեմպի աճին էլ նպաստել են գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների և արդյունաբերության ոլորտների խնդիրները: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով` փոխարենը մեր երկրի տնտեսությունը 2021 թվականին կսկսի վերականգնվել՝ ԿԲ կանխատեսումն է:
Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ - Աճի վերականգնում ենք ունենալու, բայց նախկինում նախատեսված V-աձև վերականգնումը տեղի չի ունենա: Այն ավելի դանդաղ կլինի: Ամեն դեպքում` ակնկալում ենք շուրջ 4-5% ՀՆԱ-ի աճ: Մենք ակնկալում ենք, որ բոլոր ոլորտներով դրական աճ են ունենալու:
Գլխավոր դրամատանը հաշվարկել են՝ այս տարի արդյունաբերության ոլորտում անկումը կկազմի 2%, գյուղատնտեսությունում՝ 1,1%, շինարարության ոլորտում՝ 18,7%, ծառայությունների ոլորտում՝ 6,1%: Արդիական է շարունակում մնալ նաև կապիտալ ծախսերի հետ կապված խնդիրը՝ ասում է Գալստյանը:
Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ - Դա ԿԲ-ին մտահոգում է և մենք կառավարության գործընկերների հետ բարձրաձայնում ենք ու փորձում ենք օժանդակել, որ տեսնենք այդ ծախսերն ավելացնելու, ծախսերի որակը, արագությունն ու թափանցելիությունը դեպի տնտեսություն ավելացնենք: Ինչ վերաբերվում է կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, կարծում եմ, որ աշնանը ևս ծրագրեր կիրականացվեն, որը թույլ է տալու մեզ մեղմել այն հարվածները, որոնք մեր տնտեսությունն ստացել է:
Ստեղծված իրավիճակում կարևոր է կապիտալ ծախսերի արդյունավետ կատարումը, ասում է Գալստյանը և հավելում, կապիտալ ծախսերի համար կրիտիկական է ոչ թե արտաքին պարտքի ավելացումը, այլ այդ միջոցների արդյունավետ օգտագործումը: Փոփոխվել են նաև սպառման թվերը: Այս տարի մասնավոր սպառման անկումը կլինի 9,4%, ներդրումները կկրճատվեն 20%-ով, մասնավոր հատվածի ծախսերը՝ 10,8%-ով: 2020-ին կունենանք 2.5 տոկոս գնաճ, Մարտին Գալստյանը նաև եկող տարվա թվերն է ներկայացնում:
Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ - Ի՞նչ է լինելու գնաճը մյուս տարվա համար: Մեր ծրագրային ցուցանիշների համար լինելու է մեր ներքին շեմին մոտ թիվ՝ այսինքն 2 տոկոսից այս կողմ կամ այն կողմ:
Կենտրոնական բանկն այս տարի արդեն 4-րդ անգամ նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ 0.25 տոկոսային կետով՝ 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ այս տարվա օգոստոսին 0.1 տոկոս գնանկում է նկատվել՝ նախորդ տարվա 0.4 տոկոսի համեմատ: ԿԲ խորհուրդը, Մարտին Գալստյանի խոսքով, նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային քաղաքականության պայմանների թուլացումը: Չի բացառվում, որ մոտ ապագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին կիջնի: