«Քրեական գործերին քաղաքական ենթատեքստ տալն ընդունելի չեմ համարում: Միգուցե որպես ընդդիմադիր խմբակցություն, որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ իրենց հարմար է այդպես ներկայացնելը, բայց մի գործընթացը մյուսի հետ կապ չունի: Քաղաքական հարթության մեջ մենք մեր ընդդիմախոսներին քաղաքական արձագանք միշտ տալիս ենք, եթե համաձայն չենք նրանց հայտարարությունների հետ: Իսկ քրեական գործերի մասին մեկնաբանություն չունեմ»,- հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ-ականների հայտարարություններին, թե իրենց անվան հետ կապվող քրեական գործերը քաղաքական ենթատեքստ ունեն:
Հարցին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սկզբում պահանջում էր կառավարության հրաժարականը, այժմ՝ առանձին նախարարների, արդյոք դա կապվա՞ծ է նրան չկալանավորելու հանգամանքի հետ, Մակունցը նշեց. «Չեմ կարող մեկնաբանել, թե ինչով էր պայմանավորված: Որպես քաղաքական մեծամասնության խորհրդարանական խմբակցության ղեկավար՝ պաշտոնապես հայտնում եմ, որ որևէ քաղաքական պայմանավորվածություն չի եղել և չկա»: