ԱԺ-ն քննարկում է կորոնավիրուսի տարածումը կանխելու, վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքները մեղմելու և վերացնելու ուղղությամբ ՀՀ Կառավարության ու պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին ի պատասխան, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ որոշման վերնագրում պարետատունը և կառավարությունը միտումնավոր են առանձին շեշտել: «Որ որևէ մեկը չասի՝ կառավարությունը պարետատուն է ձևավորել՝ գնացեք պարետատան որոշումները ուսումնասիրեք, կառավարության հետ ի՞նչ գործ ունեք»,- ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ քանի որ եղել են մարդու իրավունքների սահմանափակումներ ամբողջ արտակարգ դրության ընթացքում և դրանից հետո, նաև մարդու հիմնարար ազատությունների իրավաչափությունն է ուսումնասիրվելու:
Գաբրիելյանի հարցին ի պատասխան, թե ինչպես են պատրաստվում ուսումնասիրել մարդու իրավունքների սահմանափակումների հարցը, Մարուքյանն ասաց՝ ինչպես ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն է հավաքել բոլոր տվյալները, թե ընդդիմությունը վնասակար ազդեցություն է ունեցել համավարակի դեմ պայքարի առումով, ինքն էլ հավաքել է բոլոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների ոտնահարումներին: Մարուքյանի խոսքով՝ դրանք կփոխանցվեն հանձնաժողովին, որն էլ կքննարկի դրանց օրինաչափությունն ու վերջում եզրակացություն կներկայացնի խորհրդարան: