ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և օպերատիվ վերահսկողական գործիքակազմ տրամադրելու անհրաժեշտությամբ:
Նրա ներկայացմամբ՝ ստուգման ընթացքում հաճախ լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է տեղում անմիջապես կասեցնել տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը, սակայն գործող իրավակարգավորումները նման հնարավորություն չեն տալիս: «Նախատեսել ենք տեսչական մարմնին վերապահել հատուկ գործիքակազմ, որի միջոցով տեսչական մարմինը կարող է տեղում կասեցնել տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը»,- ասաց Ասոյանը:
Եթե տնտեսվարող սուբյեկտը դիմում է դատարան, ապա կասեցման որոշումը մնում է ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև դատարանը վճիռ կհրապարակի, և միայն դատարանի կամ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է այդ կասեցումը ուժը կորցրած ճանաչվել:
Ասոյանն ընդգծեց՝ կասեցման գործիքը տեսչական մարմինը օգտագործելու է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Նրա խոսքով՝ օրենքով10 դեպք է սահմանված:
Օրինագծում նախատեսվել է նաև գործողության դադարեցում հասկացությունը, որը կիրառվելու է այն դեպքերում, երբ հնարավորություն կա առանց գործունեության դադարեցման գործողության կասեցման միջոցով կանխել բնությանը, մարդու կյանքին սպառնացող վտանգը: