ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են՝ նույնիսկ համավարակի օրերին Միացյալ Նահանգներն ու Հայաստանը շարունակում են համատեղ աշխատանքը ընդհանուր նպատակների կենսագործման ու քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ։
«Այսօր տեղի ունեցավ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության չորս վիրտուալ նիստերից առաջինը, որտեղ ամերիկյան կողմը ներկայացրեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին և ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Կառա ՄքԴոնալդն, իսկ հայկական կողմը` ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Քննարկման առանցքում Հայաստանի առաջնահերթ ժողովրդավարական բարեփոխումների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ գրանցված ձեռքբերումներն էին և հետագա համագործակցությունը։
Մասնակիցներն անդրադարձան կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արդեն իսկ կատարած կարևոր քայլերին, որոնց թվում է ԱՄՆ ՄԶԳ-ի շարունակական աջակցությամբ ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման նոր հանձնաժողովը։ Ռազմավարական երկխոսության նիստերը կշարունակվեն աշնան ընթացքում, իսկ ամփոփիչ նիստը տեղի կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում եկող ամսվա ընթացքում»,- հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: