Սեպտեմբերին այլ դասագրքերի հետ դպրոցներում նաև սեռական դաստիարակության դասագրքեր էին բաժանվելու, պնդում են
տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, որոնք Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում: Արդեն մի քանի օր է՝ բազմաթիվ ծնողների հանգիստ չեն տալիս օգտատեր Աննա Պետրոսյանի գրառումն ու լուսանկարները, որոնք հակասում են էթիկայի կանոններին, հրապարակման ենթակա չեն: Օգտատիրոջ պնդմամբ, այդ դասագիրքը նախատեսված է ցածր դասարանների համար: Գրառման տակ ժամ առ ժամ քննարկումներն ավելի են թեժանում, անհանգստություններն՝ ավելանում:
Սուրեն Օքմինյան, «Հայ նախաձեռնող» ՀԿ հիմնադիր - Մեր ցանկությունը հետևյալն է, որպեսզի չփորձեն մեր երեխաների մեջ այլասերում մտցնել, մենք դա թույլ չենք տալու:
«Մեր երեխաների սեռական դաստիարակությամբ ինքներս կզբաղվենք, իրենք թող գրականություն ու պատմություն սովորեցնեն»,- ասում են հիմնադիրները: «Հայ նախաձեռնող» ՀԿ հիմնադիրը վստահեցնում է, որ ըստ օդում կախված լուրերի՝ տվյալ դասագրքի որոշ խմբաքանակ արդեն բաշխված է եղել դպրոցներին:
Սուրեն Օքմինյան, «Հայ նախաձեռնող» ՀԿ հիմնադիր - Եթե մենք բողոքի ալիք չբարձրացնեինք, բնականաբար, դա լինելու էր դպրոցներում:
Իսկ այդ օդից կախված լուրերը որքանո՞վ են հավաստի հարցին Օքմինյանի պատասխանն է. «Ուսուցիչներն են ասել»: Նաև պատմել են, որ բողոքների ֆոնին նախարարությունը գրքերը դպրոցներից հետ է հավաքել:
Սուրեն Օքմինյան, «Հայ նախաձեռնող» ՀԿ հիմնադիր - Հիմա պարզ պատճառներով ես չեմ կարող այդ ուսուցիչների անունները հրապարակել:
Ինչպե՞ս կարող էր դեռևս նախագիծ հանդիսացող չափորոշիչը դասագրքի տեսքով դպրոց մտնել հարցին հարցով է պատասխանում փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Չափորոշիչները ներդրվելու են 2022-23 ուսումնական տարուց: Եվ սեռական դաստիարակությունը, որպես առանձին առարկա, նախատեսված էլ չէ:
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Ես շատ կուզեի գտնել այդ ուսուցիչներին և դատի տալ զրպարտության և ապատեղեկատվության համար, որովհետև որևէ նման գործընթաց չկա, մի քանի անգամ ասել ենք` չափորոշիչների փոփոխությունը չի ներառում իր մեջ սեռական դաստիարակության հետ կապված որևէ դրույթ,նախատեսված չ` առանձին առարկա, հետևաբար, ինչ-որ գրքի առկայության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է:
Բողոքող կողմը հորդորում է իրենց բողոքի գործընթացը չկապել տարբեր ուժերի հետ, փոխնախարարն էլ այստեղ կոնկրետ քաղաքական մոտիվներ է տեսնում: Աղմուկ է բարձրացել մի գրքի շուրջ, որը լույս է տեսել 90-ականներին, նախատեսված է եղել մասնագիտական ուսուցման համար:
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Շատ կասկածելի գրքույկ է, որը կարծես թե ոչնչացվել է հենց 90-ականներին՝ հրապարակվելուց հետո: Ակնհայտ է, թե ինչ քաղաքական կեղտոտ նպատակներ է հետապնդում ավելի քան 20 տարվա վաղեմության կասկածելի որակի ու բովանդակության գրքույկներ մեջբերելը և դա հրամցնելը իբրև ներկա կրթական փոփոխությունների մաս:
Սեռական դաստիարակություն Հայաստանի դպրոցներում աշակերտներն ստանում են 2008 թվականից՝ առողջ ապրելակերպ դասընթացի շրջանակում, որն ուսուցանվում է 8-րդ դասարանից: Կապելով նոր չափորոշիչների հետ, գործընթացը շարունակվելու է. որոշ թեմաներ կենսաբանության ժամին կուսուցանվեն, մյուսները, օրինակ, ընտանեկան կյանքի հետ կապված՝ հասարակագիտության:
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Բայց ինչ վերաբերում է տարրական դպրոցին, չենք նախատեսում, որ տարրական դպրոցում պետք է լինի սեռական դաստիարակության հետ կապված որևէ առարկա կամ արևէ առարկայում դրույթներ:
Ժաննա Անդրեասյանն առաջարկում է նման գործընթացների նկատմամբ ապահովել իրավական միջոցներ և սահմանափակել ապատեղեկատվության տարածումն ու զրպարտությունը: