«Իշխանությունները ասել են, որ չեն ձևավորելու խամաճիկային Սահմանադրական դատարան, որ պատկանի իշխանությանը, այլ ձևավորելու են Սահմանադրական դատարան, որ լինելու է նոր, լինելու է սկզբունքային: Իսկ այդ առումով ԱԺ պատգամավորները քննարկումներից հետո կայացրել են իրենց որոշումը: Չեմ համարում, որ մենք որևէ մեկին դավաճանել ենք»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՍԴ դատավորների այսօրվա ընտրությունից հետո հնչած քննադատություններին: «Այսօր ընտրվել են նոր դատավորներ, որոնք կանեն իրենց աշխատանքը և չեն հանդիսանա ՀՀ գործող իշխանության ոչ սպասարկուները, ոչ էլ որևէ կապ են ունեցել»,- ասաց նա:
Սիմոնյանի խոսքով՝ իշխանությունն անելիք ունի ոչ միայն ՍԴ-ում, այլեւ ընդհանուր դատական համակարգում: ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ ՍԴ դատավորների ընտրությամբ վերջնականապես չի լուծվելու ՍԴ թնջուկը: «Այնպես չէ, որ սա վերջնական լուծում է, նման բան չկա»,- նշեց նա:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև քաղաքացիների դժգոհությանը, երբ իշխանություններից ակնկալում են արագ, կտրուկ քայլեր: «Հասկանալով այդ պահանջները՝ մենք անում ենք ամեն ինչ, որ Հայաստանը ցնցումների չտանելով, հնարավորինս ճիշտ, օրինական լուծումը տանք: Վստահաբար կարող եմ պնդել, որ դա ստացվում է, ու մենք կունենանք դատական իշխանություն, այնպիսի դատական իշխանություն, որը համապատասխանում է նոր Հայաստանին»,- ասաց նա: