Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման մեկնարկին նախարարը նշել է, որ մարզպետների հետ անցկացվող խորհրդակցությունները վերստին պարբերական կլինեն, քանզի այդ մասով վերացված են երկրում համաճարակային իրադրությամբ պայմանավորված խոչընդոտները։
Խորհրդակցության ընթացքում մարզպետների կողմից նախարար Սուրեն Պապիկյանին են ներկայացվել ՏԿԵ նախարարության կողմից իրականացվող ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները։ Հաստատված շուրջ 700 սուբվենցիոն ծրագրից 65-ն արդեն իսկ ավարտված են, մյուսները իրականացման փուլում են։ Այս համատեքստում քննարկվել են արդեն իսկ իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքները, բարձրաձայնվել են աշխատանքային գործընթացում ծագող խնդիրները և նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել՝ այդ խնդիրների լուծման ուղղությամբ։
Հանդիպման օրակարգի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձ է կատարել մարզպետների գնահատման նոր կարգի մշակման գործընթացին, ինչպես նաև մարզպետարանների կառուցվածքում և կանոնադրություններում սպասվող փոփոխություններին։ Նախարարը հորդորել է մարզպետներին սպասվող կառուցվածքային փոփոխությունների գործընթացում առաջնորդվել մարզպետարանների գործունեությունը հնարավորինս լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու հրամայականով։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ծավալներին, համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նկատմամբ իրականացվող վերահսկողությանը, կրթական հաստատություններում աշխատակազմերի թեստավորմանն առնչվող հարցերին, ինչպես նաև երկրում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ հսկողությանն առնչվող մի շարք հարցերի։