Խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց առաջադրված երեք թեկնածուին: Քվեարկությանը մասնակցած 88 պատգամավորից Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած Երվանդ Խունդկարյանը ստացավ 84, հանրապետության նախագահի թեկնածու Արթուր Վաղարշյանը՝ 86, Կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ 85 կողմ քվե: Ընդդիմադիր երկու խմբակցությունն էլ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, քվեարկությանը չմասնակցեց:
Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո արդեն բարձր ատյանի դատավոր ընտրված Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը նիստերի դահլիճից դուրս եկան Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ: Երեք թեկնածուից ամենաշատը քննադատության արժանացած Երվանդ Խունդկարյանը խորհրդարան չէր եկել: Քիչ չէին նաև Արթուր Վաղարշյանին ուղղված քննադատությունները: Ինչպե՞ս ստացվեց, որ մեկ անգամ նրան չընտրած իմքայլականներն այս անգամ այլ որոշում կայացրին: Վաղարշյանն ասում է՝ ավելի անմիջական ելույթ ունեցավ, բացի այդ՝ գուցե իրեն չէին ճանաչում:
Առաջադրված թեկնածուներին կողմ քվեարկելով՝ իշխանությունը դավաճանեց հեղափոխության գաղափարները, համացանցում արձագանքները չուշացան: Ալեն Սիմոնյանը, սակայն, համաձայն չէ այս տեսակետներին, իշխանությունը խոստացել է՝ չի ձևավորելու խամաճիկային դատարան և հավատարիմ է խոստմանը:
Ընտրված թեկնածուների երդման արարողությունից հետո Սահմանադրական դատարանի կազմը կհամալրվի՝ անհրաժեշտ ինը դատավարով, որոնց թվում է նաև նախագահի պաշտոնից հեռացված Հրայր Թովմասյանը: Թափուր պաշտոնները համալրելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, նախատեսված է դատարանի նախագահի ընտրությունը: Հնարավոր է՝ ՍԴ փոփոխված կազմը Հրայր Թովմասյանին ընտրի բարձր դատարանի նախագահ:
Տևական ժամանակ Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին բարձրաձայնող իշխանությանը, սակայն, համարում է՝ անելիք դատական համակարգում դեռ շատ կա: