Ռայնիսի 1 հասցեի շենքի պայթյունից տուժած ընտանիքներն այժմ վարձով բնակարաններում են: Ակնկալվում է, որ մոտ երեք ամսից հնարավոր կլինի նրանց համար բնակարան ձեռք բերել: Ընտանքիներից մեկին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սոցիալական ապահովության բաժնի մասնագետի հետ, այցելել է «Լուրերի» նկարահանող խումբը:
Տիկին Հասմիկը գիտի Ռայնիսի բոլոր տուժածների նոր հասցեները. Սամսոնյանների ընտանիքը՝ լուսավոր 4 սենյականոց է տեղափոխվել հյուրանոցում մի քանի օր գիշերելուց հետո: Վարձով են, տունը՝ մասամբ կահավորված: Իրերի մի մասը կիսաքանդ բնակարանից հանել փրկարարներին այդպես էլ չի հաջողվել:
Տաթևիկ Սամսոնյան - Չենք կարողացել հանել՝ բազմոց, մահճակալ պատուհանից ենք հանել:
Խոհանոցից միայն սառնարանն ու սպասքն է իրենցը: Ճաշասենյակում՝ փրկված հեռուսատացույցը, սիրտ չունեն միացնեն: Ննջարաններից մեկը մահճակալով է, մյուսում՝ վրան:
Կարևորը՝ փրկվել են, թոռներից հայացքը չկտրելով անընդհատ կրկնում է տիկին Տաթևը: Պայթյունից հետո հյուրանոցում տեղավորված բոլոր ընտանիքների վարձով բնակարանի հարցը լուծված է՝ վստահեցնում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից: Փորձություն էր՝ անցավ, կօգնեն ոտքի կկանգնեն՝ մի քանի րոպեում ունեցվածքից զրկված մարդկանց ամեն այցին հույս են տալիս սոց-ծառայողները:
Հասմիկ Խաչատրյան, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սոցիալական ապահովության բաժնի պետ - Կառավարությունը բոլորին 200 հազար դրամ դրամական աջակցություն է ցուցաբերել առաջին ամսվա վարձավճարի համար, բոլոր բնակիչներն ստացել են:
Վարձով տունը մարդիկ իրենք են գտել. գրեթե բոլորը տեղավորվել են Ռայնիսի մոտակա փողոցներում: Որ երեխաների դպրոցը չփոխեն, աշխատավայրին մոտ լինի: Այդպես նաև հարևաններն են առաջնորդվել: Բնակարանից բացի, ով ինչ է կորցրել` կահույք, լվացքի մեքենա, ամբողջը գնահատել, կարիքները գրանցել են:
Վարձով մարդիկ կապրեն, նախնական, 3 ամիս` մինչև լուծվի նրանց բնակարանի ձեռքբերման հարցը: Քանդված 5-րդ մուտքի բոլոր սեփականատերերի տվյալները կադաստրից ճշտած՝ արդեն նաև քաղաքապետարան են փոխանցել,- ասում է Հասմիկ Խաչատրյանը:
Հասմիկ Խաչատրյան, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սոցիալական ապահովության բաժնի պետ - 12 բնակարանների ճշտված տվյալներն ուղարկվել են քաղաքապետարան և քաղաքաշինության կոմիտե, որպեսզի խնդրին լուծում տան: Գումար թե վկայագիր՝ առայժմ հայտնի չէ:
Սամսոնյանները նույնպես անհամբեր են, եր՞բ նորից իրենց անկյունը կունենան: Այստեղ ժամանակավոր են, ճամպրուկային տրամադրությամբ: Ընտանիքի դպրոցականին՝ վաղը գրենական պիտույքներ կնվիրեն: Բարեգործ կա, ֆինանսական փոքրիկ օգնություն է խոստացել,- հնչեց հրաժեշտին: