Այսօր Միացյալ Նահանգների Սպիտակ տանը տեղի կունենա պատմական իրադարձություն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ԱՄԷ-ի արտգործնախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանին ու Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլաթիֆ ալ Զայանին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Իսրայելի կառավարության ղեկավարը հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կստորագրի Արաբական Միացյալ Էմիրությունների ու Բահրեյնի Թագավորության բարձրաստիճան ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ արաբական երկրների հետ հրեական պետության հարաբերությունների կարգավորման պատմական գործընթացը միջնորդում է Միացյալ Նահանգների վարչակազմը:
ԱՄԷ-ն ու Բահրեյնը երրորդ և չորրորդ արաբական երկրներն են, որ հաշտության համաձայնագիր են կնքում Իսրայելի հետ:
Իսրայելը Եգիպտոսի հետ խաղաղության համաձայնագիր է կնքել 1979-ին, իսկ Հորդանանի հետ՝ 1994-ին: