Գյումրիում լրագրողների հարցին ի պատասխան ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարել է, թե իրենց համար չկան արտոնյալ գործարարներ:
«Հուսով եմ` դուք համոզվել եք, որ հատկապես վերջին երկու տարիներին ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան, և դա մենք մեր աշխատանքով ապացուցել ու բազմիցս հիմնավորել ենք»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը գործառույթներ է իրականացնում բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց գործունեության վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք։ «Այս կամ այն շարժառիթներով, գործարարի անձով պայմանավորված, ՊԵԿ-ում վաղուց միջոցառումներ չեն նախաձեռնվում»,- վստահեցրել է Էդվարդ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործերին: Սպասվող նոր բացահայտումների մասին հարցին ի պատասխան էլ Հովհաննիսյանը հորդորել է սպասել նոր հայտարարությունների։