ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցեց Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։ Իր խոսքում վարչապետը նշեց, որ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ:
«Մեր երեխաները հիմա շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին, և նա, ով քննադատաբար է վերաբերվում, այս նախադասությունն իր մեջ վերլուծելով, կարող է, օրինակ, արձագանքել այսպես. առանց կրթության հնարավոր է G կարգի կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «Յաշիկ» Մերսեդես առնել: Այո, այս նախադասությունը կարող է գոյություն ունենալ: Բայց եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել G կարգի Մերսեդես, առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Մերսեդես:
Մենք ինչպիսի՞ ապագա ենք ուզում ունենալ Հայաստանի համար. որպեսզի, պայմանականորեն, G կարգի «Մերսեդես» միայն վարողներ լինե՞ն, թե՞ ուզում ենք լինել դրա ստեղծողը, արտադրողը: Մենք ուզում ենք լինել սպառո՞ղ, թե՞ ստեղծող: Առանց կրթության հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել: Ուզում եմ, որ սա լինի մեր ընտրությունը»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ դպրոցի պատերի ներսում անցկացրած ամեն ժամը, կրթական օրակարգի մեջ ամեն րոպեն որոշում է, թե ինչպես են ապրելու իրենք, իրենց երեխաները, ընտանիքները:
«Ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ ոչ թե նպատակ դնեք ունենալ ամենատարբեր փայլուն, ճոխ, պսպղան առարկաներ, այլ ուզում եմ, որ ձեր առջև նպատակ դնեք երջանիկ լինել ձեր ամենօրյա աշխատանքի մեջ: Այս պարագայում, հավաստիացնում եմ, մնացած բոլոր նյութականը կստեղծվի այնպես, որ ինքներդ էլ չեք նկատի: Ես ուզում եմ, որ երջանկությունը լինի ձեր ամենակարևոր նպատակը, ոչ թե ոսկին: Ես ուզում եմ, որ երջանկություն պարգևելը լինի ձեր ամենակարևոր առաքելությունը: Ես հավատում եմ, գիտեմ, որ դուք հենց այդպիսին եք, ձեր ծնողների երազանքները հենց այդպիսին են:
Մեր մեծագույն նպատակն ու խնդիրն է, որ Հայաստանում կրթությունը լինի ազգային ապրելակերպ, կենսակերպ: Միայն սովորելով, գիտելիքով և կրթությամբ կարող ենք ճանաչել մեր խնդիրներն ու դրանց լուծում գտնել: Ուզում եմ պատրաստ լինեք վաղվա պատասխանատվությանը, որպեսզի այդ պատասխանատվությունը կրեք հաճույքով, ձեզ զգաք երջանիկ: Այսօր արդեն ձեր փոքրիկ ուսերին մի փոքր ծանրաբեռնվածություն կա:
Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ մեծ անհարմարություն է դիմակով ապրելը, դիմակով հարաբերվելը: Իմ ամենամեծ մտավախությունը դիմակներից այն է, որ այն ծածկում է մեր ժպիտները, բայց վերջերս նկատեցի, որ աչքերը օգնում են, որ մեր ժպիտներն ավելի արտահայտիչ լինեն: Բայց դա կարող է նպաստել, որ ինքներդ ձեր մեջ դաստիարակեք պատասխանատվություն»,- ասաց վարչապետը` շնորհավորելով ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ինչպես նաև նորակառույց դպրոց ունենալու առիթով:
Փաշինյանն այնուհետև շրջեց դասասենյակներով, շփվեց երեխաների հետ: