Հայաստանի տարածքում հանդիպում են անգղերի 4 տեսակ՝ սև անգղ, սպիտակագլուխ անգղ (Gyps fulvus), մորուքավոր անգղ (Gypaetus barbatus Linnaeus) և գիշանգղ (Neophron percnopterus Linnaeus), որոնցից չափսերով ամենամեծը հենց սև անգղն է։ Համարվում է, որ Հայաստանը բավական հարուստ է անգղերի տեսակներով՝ իր տարածքային մակերեսի համեմատ, և անչափ կարևոր է այս թռչնատեսակի պահպանումը նաև գլոբալ առումով։
Նկարահանված թռչնատեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, սակավաթիվ և վտանգված տեսակ է: Թերևս ՀՀ կենդանիների կարմիր գրքում նշված է, որ տեսակի թվաքանակը նկատելիորեն կրճատվում է, սակայն վերջին տարիներին մասնագետները պնդում են, որ թվաքանակը կայունացել է, և կա աճի դրական միտում։ Տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:
Դասվում է Հայաստանի նստակյաց, բնադրող թռչունների թվին: Սևա անգղի ապրելավայր է համարվում լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերը լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու չորային նոսր անտառների սահմաններում, սովորաբար, ծ.մ. 1200-2000 մ բարձրություններում: Բնադրավայրերը զգալիորեն քայքայվել են` կապված որպես արոտավայր տեղանքի ինտենսիվ օգտագործման հետ:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության և հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների, ինչպիսին է նաև գառնանգղը։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:
ԿԳ տվյալների համաձայն՝ սև անգղի պոպուլյացիայի վտանգման հիմնական գործոններ են, հավանաբար, կերային բազայի վատթարացումը` կապված վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը:
Լուսանկարում հազվագյուտ սև անգղի /Aegypius monachus/ առանձնյակ է, որին լուսանկարել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Խորեն Ղազարյանը։