Հայաստանի տնտեսությունը շարունակում է զգալ համաճարակի բացասական ազդեցությունը, իսկ հուլիսի տնտեսական ցուցանիշները պայմանավորված են միանգամից մի քանի գործոններով:
«Լուրերի» հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը: Հատկապես տուժում են այն երկրները, որտեղ զբոսաշրջությունը զարգացման զգալի միտում ունի: Մարդկանց և, համապատասխանաբար, ֆինանսների հոսքերի բացակայությունը 2020 թվականի մայիսից ազդել է այլ ոլորտների վրա:
Հիշեցնենք, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 10.2 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հայաստանի տնտեսությունը փոխկապակցված է ռուսական շուկայի հետ: Մոսկվան տարեսկզբին զգալի կորուստներ է կրել նավթի գների կտրուկ անկման պատճառով: Համավարակի հետ մեկտեղ դա հանգեցրել է բնակչության գնողունակության մակարդակի նվազմանը, ինչը չէր կարող չազդել Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալի վրա: Փունջը լրացնում է Թեղուտի գործոնը:
Հուլիսին շոշափելի անկում են գրանցել շինարարությունն ու առևտրի շրջանառությունը: Սակայն առավել խորն է ծառայությունների ոլորտի նվազումը՝ 21,6 տոկոս: Ինչո՞ւ նման պատկեր ձևավորվեց այն պարագայում, երբ տնտեսական գործունեության որևէ սահմանափակում չկա: Քաղաքացիները սկսել են ավելի քիչ ծախսել՝ նշում է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը: Այս տարի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ չեն մեկնել արտագնա աշխատանքի: Հետևաբար, դադարել է գումարների հոսքը հանրապետություն:
Հայկազ Ֆանյան (տնտեսագետ) - Բավականին լուրջ գումարների մասին խոսքը, մոտ 1,5 միլիարդ դոլար:
Շինարարության ծավալը հուլիսին նվազել է 19,5 տոկոսով: Դրա պատճառներից մեկը կապիտալ ծախսերի թերակատարումն է: Սակայն սեպտեմբերից ծավալները կարող են վերականգնվել:
Արտակ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Շատ բիզնեսներ, որոնք որ նախատեսում էին ընդլայնել իրենց թողունակությունը, այս ժամանակահատվածը, երբ տնտեսական սահմանափակումներից դուրս եկավ, նրանք հենց հիմա սկսում են շինարարական մեծ պրոյեկտներ:
Չնայած տնտեսական անկմանը՝ կայուն է մնացել Հայաստանի բանկային համակարգը, իսկ հայկական դրամը տատանումներ չի գրանցել:
2020 թվականի 7 ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5,7 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: