Մուսա լեռ հուշահամալիրի տարածքում կենցաղային իրերը պատմական արժեք ունեն. դրանք դարձել են 105 տարի առաջ տեղի ունեցած հերոսամարտի խորհրդանիշ: Ցորենը ձավար դարձնելով, տավարն ու գառը մորթելով են մուսալեռցիներն ավելի քան 40 օր սնվել ու ինքնապաշպանվել՝ փրկվելով ոչնչացման վտանգից։
Եսայի Չախչախյան, «Մուսա լեռ» հայրենակցական միության դիվանի անդամ - 40 օրերի ընթացքում սնվել է հիմնականում մուսալեռցին հարիսայով, որն ունեցել է իր բոլոր նշանակությունները՝ և ֆիզիոլոգիական, և որպես սննդատեսակ, և որպես հեշտ տեղափոխվող սննդատեսակ:
Հայաստանը սեպտեմբերի 20-ին կնշի հերոսամարտերի 105-ամյակը: Հուշահամալիրում ավանդական դարձած բազմամարդ միջոցառումներն այս տարի որոշակի սահմանափակումներով կլինեն. համահայկական միջոցառմանը դհոլի ու զուռնայի ձայնը կլսվի, հարիսան կօրհնվի, հոտն էլ մուսալեռցիների քթին կհասնի.
Պերճ Ղազարյան, «Մուսա լեռ» հայրենակցական միության ատենապետ - Այս կրակարանների վրա ամեն տարի 100 կաթսա հարիսա ենք եփում, բայց այս տարի, քանի որ չենք կարող ընդունված ձևով իրականացնել, ենթադրվում է 18 կաթսա և կախված է դրությունից, թե ինչքանով ենք կարողացել զսպել մարդկանց, որ չգան:
Թիվը խորհրդանշական է, որովհետև հերոսամարտում նահատակվել է 18 մուսալեռցի: Տոնակատարությանը կորոնայով չվարակվելու և մյուսներին չվարակելու համար Պերճ Ղազարյանը հորդորում է այս տարի սեպտեմբերի 20-ին տանը մնալ, հերոսական դրվագներով լի տոնն ընտանեկան միջավայրում նշել:
Պերճ Ղազարյան, «Մուսա լեռ» հայրենակցական միության ատենապետ - Կոչ եմ անում մեր հայրենակիցներին և ոչ միայն մուսալեռցիներին, որ իրենց տներում պատրաստեն սեպտեմբերի 20-ի կիրակնօրյա ճաշը՝ հարիսան և վայելեն որպես մատաղ:
Մուսալեռան հերոսամարտը հայ ժողովրդի ամենափայլուն հաղթանակներից է: Թուրք խուժանի դեմ կռվում էր 4200 հայ։ Նրանք փրկվեցին, որովհետեև գաղթի հրամանին հետևելու փոխարեն դիմեցին ինքնապաշտպանության։ Սա հաղթանակ էր, որովհետև ցեղասպանության ենթարկված արևմտահայ նահանգներում փրկվում էին առավելագույնը հայ բնակչության տասը տոկոսը, իսկ Մուսալեռի դեպքում՝ պատկերն այլ էր՝ 93 տոկոս։