Հունհառոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, չնայած կորոնավիրուսով պայմանավորված դադարներին, կայացավ: Մոտ 150 մարզիկ 10 քաշային կարգում պայքարեցին լավագույնների կոչման համար:
45 կգ քաշային կարգում ժամանակից շուտ հաղթանակի հասավ Մանվել Խաչատրյանը: 48 կգ քաշային կարգում անչափ հետաքրքիր պայքարում պատվո հարթակի ամենաբարձր տեղում կանգնեց Գասպար Տերտերյանը՝ 4-2 հաշվով պարտության մատնելով Դավիթ Ռստկային: 51 կգ քաշային կարգում կրկին ժամանակից շուտ հաղթող ճանաչվեց Հոմերոս Առաքելյանը:
55 կգ քաշայինների պայքարում Սուրեն Աղաջանյանը 1 րոպե 22 րոպեի ընթացքում հաղթանակի հասավ: 60 կգ քաշային կարգի եզրափակչում Անդրանիկ Սեդրակյանը 18-9 հաշվով ծնկի բերեց Արսեն Պետրոսյանին: 65 կգ քաշային կարգում ևս պայքարի չծավալվեց: 2 րոպե 19 վայրկյանի ընթացքում Աշոտ Խաչատրյանը հաղթանակի հասավ Գևորգ Թովմասյանի նկատմամբ: 71 կգ քաշային կարգում իրեն հավասարը չուներ Արման Մելքոնյանը:
80 կգ քաշային կարգի եզրափակչում Հայկ Մխիթարյանը 7-4 հաշվով հաղթեց Արշակ Գեղամյանին: 92 կգ քաշային կարգում ամենաքիչ թվով մասնակիցներն էին, որտեղ լավագույնը Վիգեն Նազարյանն էր: 110 կգ քաշայինների դիմակայությունում հաղթող ճանաչված Գարուշ Կարապետյանը ոչ մի գոտամարտում մրցակիցներ միավոր չտվեց:
Պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը գոհ էր մրցումների ընթացքից, սակայն խոստավանեց, որ անակնկալ եղան: Չնայած միջազգային մրցաշարեր առաջիկայում դեռ չկան, հավաքականը հավաքներ կանցկացնի:
Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն էլ նշեց, որ ըմբիշներին խանգարեց երկար ժամանակ չմարզվելու հանգամանքը. Բաղդադյանը վերջում էլ հավելեց՝ երեկ երեկոյան հայտարարություն է տարածվել, որ չեղարկվել է նաև Սերբիայում դեկտեմբերին նշանակված Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունը: