Լրատվականներից մեկում այսօր տեղեկություն է հրապարակվել, թե իբր Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը դադարեցրել է Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի Սալուտ, Վարդաղբյուր, Հարթաշեն գյուղերի աշակերտներին և ուսուցիչներին դպրոց տեղափոխող տրանսպորտի ֆինանսավորումը։ Հրապարակման համաձայն՝ երեխաների տրանսպորտային ծախսերը պետության փոխարեն հոգալու են ծնողները՝ հաղորդում են Տեղեկատվության ստուգման կենտրոնից:
Խնդրի վերաբերյալ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել ԿԳՄՍ նախարարության հետ, որտեղից հայտնեցին, որ ֆինանսավորումը չի դադարեցվել, այլ նախարարի՝ 2019 թվականի հրամանով կանոնակարգվել է։
2019 թվականին ուժի մեջ մտած կարգավորումներով թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների դպրոց տեղափոխման համար փոխհատուցման առավելագույն չափ է համարվում տվյալ տարվա համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հրապարակված միջմարզային և/կամ միջհամայնքային երթուղային ցանցի մրցույթով ներկայացված սակագների միջին թվաբանականը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար):
Այսինքն՝ պնդումը, թե նախարարությունը դադարեցրել է ֆինանսավորումը, ու դրա արդյունքում ֆինանսական բեռը մնացել է ծնողների վրա, կեղծ է։
Նախարարությունից տեղեկացրին նաև, որ այս պահին հրամանը գտնվում է լրամշակման փուլում։ Նախատեսվում է երթուղու բացակայության դեպքում ամեն կիլոմետրի համար սահմանել որոշակի գումար, իսկ «Ամսական փոխհատուցման առավելագույն չափը» յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար սահմանել նախկին 15.000 դրամի փոխարեն՝ 20.200 դրամ։