Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որy երկրորդ անգամ համատարած լոքդաուն է կիրառում՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Մերձավորարևելյան այդ պետությունում COVID-19-ով վարակվածների թիվը շարունակում է երկրաչափական պրոգրեսիայով աճել, ինչն էլ իշխանությանը ստիպել է գնալ ծայրահեղ քայլի ու նորից փակել երկրի բոլոր դռները:
Ավելի քան 37 հազար մարդ հիվանդացել է նոր տիպի կորոնավիրուսով միայն սեպտեմբերի առաջին 13 օրվա ընթացքում: Եթե հուլիսի վերջին Իսրայելը գրեթե նույն հորիզոնականում էր, ինչ Հայաստանը, ապա այսօր աշխարհի մակարդակով վարակվածների ընդհանուր թվով մենք 59-րդ տեղում ենք, Իսրայելը՝ 24-րդ տեղում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ սեպտեմբերի 18-ից երեք շաբաթով արգելվում է ժամանցի վայրերի, առևտրի կենտրոնների, հյուրանոցների գործունեությունը, կսահմանափակվի քաղաքների ու գյուղերի մուտքն ու ելքը, մինչև հոկտեմբերի 11-ը մարդիկ իրավունք չեն ունենա տնից ավելի քան 500 մետր հեռանալ: Կառավարությունից առանց այն էլ դժգոհ հանրության շրջանում սա վերջին օրերին նոր բողոքի ալիքի առիթ է դարձել:
Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց, թե ինչպես է որոշումն ընկալվում հանրության շրջանում. «Քայքայվում են նորմալ կյանքի հիմքերը: Ախր երեխաները մի քանի ամիս կրկին դպրոց չեն գնա, դա նորից հեռավար կրթություն է, դա նորից խնդիր է մարդկանց համագործակցության համար, նրանք չեն կարողանում կատարել իրենց խոստումները, քանի որ կրկին փակվում է տնտեսությունը: Դա այն է, ինչից պետք է խուսափել»:
Իսրայելը չկարողացավ խուսափել տոտալ լոքդաունից առաջին հերթին այն պատճառով, որ հանրությունը մերժեց առողջապահության ոլորտի որոշումը՝ համատարած կիրառել դիմակներ: Իսրայելցիները հիմնականում հրաժարվեցին մարդաշատ վայրերում կրել դիմակներ, ինչի հետևանքով աշնան սկզբին վիրուսը ավելի մեծ տարածում ստացավ: Սխալ համարելով տոտալ լոքդաունները՝ Ավիգդոր Էսկինը միաժամանակ նշում է, որ մի քանի միլիարդ դոլարի վնասը Իսրայելի տնտեսությանը թանկ կարժենա:
Առաջին անգամ Իսրայելը համատարած լոքդաուն կիրառեց մարտ և ապրիլ ամիսներին: Այն ժամանակ տնտեսության կրած վնասները մոտենում էին 2 միլիարդի: Աշնանը սպասվող լոքդաունի հետևանքով տնտեսագետները հաշվարկում են մոտ 6 մլրդ դոլարի վնաս: Անվտանգության կանոնների անտեսումն այդքան է արժենալու Իսրայելի համար:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան