Կորոնավիրուսից ամենաշատ տուժածներից Իտալիան է: Այստեղ դիմակ չկրելու կարգը խախտելու համար տուգանքը կարող է հասնել մինչև 1000 դոլար: Եվրոպական ամենախիստ կանոններից հետո Հայաստանում դիմակով ապրել չհարմարվողների համար հետևանքը համավարակի օրերին տուգանքներն էին: Նախ՝ արձանագրությունների վիճակագրությունից:
Մանուկ Մուրադյան (ՀՀ ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ) - Եթե թվային իմաստով նայենք, ապա այս պահին արձանագրությունների թիվը կազմում է 287925, իսկ ակտերի թիվը՝ 136922:
Կառավարության մարտի 16-ի որոշմամբ՝ մեր երկրում հայտարարված արտակարգ դրության ընթացքում դիմակ չկրելու համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումներին ծանոթանալուց հետո ընկերություններն ու մարդիկ մոտ 21 միլիոն դրամ են վճարել պետբյուջե:
Հիմա թեև արտակարգ դրությունն ավարտվել է, փոխարենը սահմանվել կարանտին, ու դիմակներ դնելու հսկողությունը շարունակվում է, տուգանվելու մասին տեղում ծանուցմանը տեղեկանալուց հետո, եթե քաղաքացին դեմ է որոշմանը, կարող է բողոքարկել մեկ ամսվա ընթացքում:
Եվ մինչ Եվրոպայի մեծ մասը սպասում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին, և տնից դուրս են գալիս պարտադիր դիմակով ու հիշեցնում, որ կորոնավիրուսով վարակակիրների թվի աճի դեպքում կարող են վերադառնալ կարանտինի ավելի խիստ սահմանափակումներին, մեր երկրում դիմակից ու տուգանքներից խուսափելու համար բողոքարկել է 2141 հոգի, դրանցից 636-ը դարձել են դատական վարույթ: