Ազգային ժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ նախատեսվում է հստակեցնել անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարման արտոնության և այդ իրավունքի դադարման պայմանները՝ արտոնության կիրառման կարգի սահմանման իրավասությունը վերապահելով ՀՀ Կառավարությանը:
«Մասնավորապես՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը, որի կապակցությամբ ներկայացված օրենքի նախագծում ևս սահմանվում է համապատասխան ձևակերպումը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների հետագա ծառայությունը սահմանված է որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն, որի կապակցությամբ նույն ձևակերպումը առաջարկվում է ներկայացված օրենքի նախագծում»,- ասաց Բալայանը:
Նա շեշտեց, որ գույքահարկի օրենքի կիրառման շրջանակներում արձանագրվել են դեպքեր, երբ գույքահարկի արտոնությունը կիրառող իրավասու մարմնի կողմից դադարեցվել է արտոնության կիրառումն այն զինծառայողների մասով, որոնք ժամկետի ավարտից հետո չեն զորացրվել զինվորական ծառայությունից և նոր պայմանագիր կնքելու միջոցով շարունակել են ծառայությունը:
«Այս խնդիրը լուծելու նպատակով հստակ սահմանվում են, որ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո, օրենքով սահմանված կարգով, զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների համար գործում է համապատասխան չափերով գույքահարկի արտոնության իրավունքը: Հստակ սահմանվում են գույքահարկի արտոնությունների իրավունքի դադարման դեպքերը, զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ համարվող գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնած լինելու դեպքերում»,- ասաց Բալայանը:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում շահառուների կազմի փոփոխություն տեղի չի ունենա: Բալայանը տեղեկացրեց, որ գույքահարկի վճարման 100 տոկոս արտոնությունից օգտվելու են զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ներառյալ ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտները, ինչպես նաև ՀՀ-ում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ստորաբաժանումներում ծառայություն անցնող զինծառայողները Ռուսաստանի հետ կնքված միջազգային պայմանագրերի հիման վրա:
«Ռազմական ուսումնական հաստատություն ավարտած և հետուսումնական պայմանագրային ծառայության մեջ գտնվող զինծառայողների համար գույքահարկի արտոնությունը տարածվում է մինչև 40 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքի և մինչև 150 ձիաուժ ունեցող փոխադրամիջոցների վրա»,- հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը: