Գյումրիում սեպտեմբերի 15-ին մեկնարկել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ կենտրոնի գործարկումը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար։ Կենտրոնն առայժմ կծառայի որպես Հյուսիսային մաքսատուն-վարչություն՝ իրականացնելով վարչության համապատասխան գործառույթները և կկենտրոնանա հյուսիսային դարպասներով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումների վրա: «Այժմ հռչակում ենք, որ արտահանման գործարքների համար կենտրոնը պատրաստ է աշխատանքի և մեր բոլոր տնտեսվարողներին, հյուսիսային դարպասով արտահանումներ իրականացնողներին հրավիրում ենք Գյումրիի ԱՏԳ կենտրոն՝ արտահանման գործարքները ձևակերպելու համար, որովհետև ծառայություններն իրականացվելու են շատ ավելի արագ և շատ ավելի հարմարավետ»,- ընդգծել է կոմիտեի ղեկավարը:
Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ապահովել «մեկ հարկի տակ» ծառայությունների մատուցում՝ մի կողմից ապահովել կենտրոնում ԱՏԳ գործառնություններին առնչվող մարմինների ֆիզիկական տեղակայում, մյուս կողմից՝ իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառմամբ ծառայությունների մատուցում։ Նման մոտեցման ներդրմամբ նախատեսվում է ստեղծել սերտ համագործակցության հարթակ մաքսային, թույլատրող փաստաթղթեր տրամադրող և ԱՏԳ գործունեությանն առնչվող պետական այլ մարմինների միջև: Այն հնարավորություն կընձեռի ապահովել սահուն գործընթացներ տնտեսվարողների համար` բացառելով տնտեսվարողի կողմից տարբեր գերատեսչություններ ներկայանալու, փաստաթղթերը և տեղեկատվությունը բազմակի ներկայացնելու անհրաժեշտությունը:
Այսպիսով, Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի գործարկմամբ՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելը կդառնա դյուրին, տնտեսվարողները կօգտվեն ծառայություններից «մեկ պատուհան» սկզբունքով, իսկ «մաքսային մարմին-տնտեսվարող» փոխգործակցությունը տեղափոխվում է նոր և ժամանակակից հարթակ՝ հիմնված արդիականացված ենթակառուցվածքների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա։ «Կենտրոնի ամբողջական շինարարական աշխատանքների ավարտից հետո այն պատրաստ կլինի որպես հյուսիսային սահմանում իրականացվող ամբողջական մաքսային ծառայություններ սպասարկող համալիր կենտրոն»,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:
Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսից: Կառուցման համար մինչ այժմ պետբյուջեից հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամ: Ներկայումս ընթանում են նախագծման նախահաշվային աշխատանքները: Երկրորդ փուլում նախատեսվում են ներկրումների համար՝ մաքսային պահեստի, բեռնատարների համար՝ մեծ կայանատեղիի կառուցում և այլ համալիր ենթակառուցվածքների ստեղծում: ԱՏԳ սպասարկման կենտրոնն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2022 թ.: