ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ավարտվել է Գառնի գյուղի 33-ամյա բնակչի կողմից շուրջ 2 տարի առաջ ընկերոջն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թ. նոյեմբերի 1-ին Գառնի գյուղի 33-ամյա բնակիչը՝ ընկերոջ՝ 33-ամյա համագյուղացու և մի քանի այլ ընկերների հետ, ճաշել են Կոտայքի մարզի Գողթ համայնքում գործող ռեստորանային համալիրում: Խնջույքի ավարտից հետո՝ ժամը 17:00-ի սահմաններում, 33-ամյա տղամարդու և վերոնշյալ ընկերոջ միջև վերջինիս կողմից գումար պահանջելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում նշված համալիրի ավտոկայանատեղիում 33-ամյա տղամարդը երկու անգամ հարվածել է ընկերոջ քթին և աչքին: Այնուհետև վերջինիս և մյուս համագյուղացու հետ միասին իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Գառնի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում ավտոմեքենայի մեջ վիճաբանությունը շարունակվել է:
Հասնելով Գառնի գյուղի Գեղարդի խճուղու 2-րդ փակուղում գտնվող շինության մոտ՝ 33-ամյա տղամարդը ընկերոջը հարվածներ հասցնելու նպատակով կտրուկ կայանել է նշված ավտոմեքենան, և երբ վերջիններս դուրս են եկել ավտոմեքենայից, հարվածներ է հասցրել 33-ամյա ընկերոջ գլխի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Հանցավոր արարքը թաքցնելու նպատակով 33-ամյա տղամարդը՝ համագյուղացու հետ, տուժողին տեղափոխել են «Գառնի առողջության կենտրոն», որտեղ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները՝ 33-ամյա տղամարդը կենտրոնի աշխատակիցներին հայտնել է, թե իբր ընկերը թունավորվել է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելու հետևանքով և կորցրել գիտակցությունը: Վերջինս նշված կենտրոնի աշխատակիցների նախաձեռնությամբ, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից 2018 թ. նոյեմբերի 11-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գառնի գյուղի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:
33-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: