2020 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:55-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արևաշատ համայնքի 27-ամյա բնակիչը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում, պարզվել է, որ 2020 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արևաշատ համայնքում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն համայնքի 24-ամյա բնակիչն իր մոտ պահած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 27-ամյա համագյուղացուն՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնաս։ Բացի այդ, 24-ամյա երիտասարդը նույն միջադեպի ընթացքում հարվածել է նաև համագյուղացու ընկերոջ՝ 25-ամյա երիտասարդի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և 118-րդ հոդվածով (ծեծը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: