Զինված ուժերի և պաշտպանության բանակի պարտադիր ժամկետային զինծառայողները տևական ժամանակ է՝ արձակումից չեն օգտվում, արձակուրդ չեն գնում: Բանակային արգելքը չվարակվելու և համավարակը զորամասում չտարածելու նպատակով է. այն կտևի մինչև կարանտինի ավարտը՝ հունվարի 11-ը:
Սահակ Օհանյան (ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ) - Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ յուրաքանչյուր շփում զինծառայողի՝ ժամկետայինի արձակուրդի ընթացքում, դա ռիսկ և վտանգ է, որով հնարավոր ա ծառայությանը վերադառնալուց հետո կամա թե ակամա, իմանալով կամ չիմանալով էդ վարակը զորամաս բերել:
Ժամկետային զինծառայողները զորամասերում և մարտական հերթապահության ժամանակ դիմակ չեն կրում: Զորանոցները պարտադիր ախտահանվում, սանիտարահիգիենիկ կանոնները պահպանվում են: Կորոնադեպքեր եղել են՝ հիմնականում պայմանագրայինների մոտ, նրանց մեկուսացրել, կոնտակտավորներին թեստավորել ու վարակի տարածումը տեղում կանխել են:
Սահակ Օհանյան (ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ) - Պարտադրել ենք և խիստ վերահսկում ենք պայմանագրային կազմի դիմակ կրելը, այսինքն՝ խստացված է, յուրաքանչյուր պայմանագրային զինծառայող օրվա ընթացքում չորս ժամը մեկ փոխելով դիմակը մինչև ծառայության վերջ, նա պարտավոր է կրել այն:
Շարքային Նիկողոսյանը ժամկետային զինծառայող է: Ամսվա կեսը զորամասում է, մյուս կեսը՝ դիրքերում: Հիմնական արձակուրդից օգտվել է 2019-ի ամռանը: Ծնողներին ամենաշատն է կարոտել: Արձակուրդի մասին խոսելիս հիշում է՝ քիչ է մնացել, կդիմանա:
Ժան Նիկողոսյան (ՊԲ զինծառայող) - Արդեն 19 ամսվա ծառայող եմ, վերջին անգամ 14 ամիս առաջ եմ տունը եղել ու սպասում եմ. մնացել ա 5 ամիս, ու կարոտով սպասում եմ, որ ծառայությունս վերջացնեմ, գնամ տուն:
Դիրքում զինվորն է, թիկունքում՝ ծնողը: Երկուսն էլ՝ սպասումով: Նաիրայի որդին, որ 18 ամսվա ծառայող է, ձմռանը կավարտի ծառայությունը: Վերջին անգամ տանը եղել է 2019-ի ամռանը, ասում է՝ կսպասի: «Արձակուրդի ու տեսակցության արգելքը իհարկե խիստ է, բայց պատճառը գիտի, նպատակն էլ հասկանում է»:
Նաիրա Խամոյան (զինծառայողի ծնող) - Պիտի թույլ չտանք վարակը բանակ մտնի: Իրենց գնդում հազարավոր զինվորներ կան: Ասում եմ՝ տղա՛ ջան, եթե մեկդ վարակվեց, էդ հազարավորը կվարակվի, բա էսօր դուք եք պոստերը պահում, ո՞նց պիտի լինի:
Համավարակի օրերին ժամկետայինները արձակուրդ մեկնում են միայն հատուկ դեպքերում, երբ մահացել է զինվորի մոտ հարազատը, կամ ամուսնացել է քույրը կամ եղբայրը: Գնդապետ Օհանյանի խոսքով՝ իրավիճակը վերահսկելի է, իրենք անում են հնարավորը՝ թույլ չտալու համավարակի ներթափանցումը զորամասեր:
Սահակ Օհանյան - Զինծառայողը զորամաս վերադառնալուց առաջ ԶՈՒ համապատասխան ՊՇՌ լաբորատորիայում հանձնում են թեստ, որի բացասական պատասխանը ստանալուց հետո ժամանում են զորամաս, չնայած դրան՝ նաև վերցվում են զորամասային օղակի բժշկական ծառայության 14-օրյա հսկողության տակ:
Ռազմաբժշկության վարչության պետը ծնողներին հորդորում է՝ համբերատար լինել: Վիրուսը կանցնի, տղաներն էլ պատվով ու առողջ կվերադառնան տուն...