2020 թ․ սեպտեմբերի 15-ին ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների փոստային կապի օպերատորների միջև փոստափոխադրման բնագավառում ծագած փոխհարաբերությունների կարգավորման, փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքների մշակման, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերում Արցախից մասնակիցների ներգրավվածության հարցին, կարևորվել համագործակցության խթանումը նաև այս ոլորտում:
Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին և համոզմունք է հայտնել, որ Արցախի գործընկերների այցը և աշխատանքային քննարկումներն արդյունավետ բնույթ կունենան: Ապա անդրադարձել է նախկինում կատարված համատեղ աշխատանքների արդյունքներին, մասնավորապես, ԱՀ-ի և ՀՀ-ի միջև բջջային կապի սակագների իջեցմանը: «Համատեղ աշխատանքի արդյունքում սակագնի ավելի քան 50 տոկոսի նվազում է արձանագրվել, որը սոցիալական ազդեցությունից զատ զգալիորեն ավելացրել է նաև հաղորդակցության որակը և ծավալը»,- նշել է նախարարը:
Հակոբ Արշակյանը կարևորել է Արցախի երիտասարդության մասնակցությունը ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերում, մասնավորապես, տեխնոլոգիական 19 ուղղություններով կազմակերպվող առցանց դասընթացներում, «Վիրտուալ կամուրջ» և այլ ծրագրերում:
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ երկու հանրապետությունների օպերատորների փոխգործակցությունը զգալի թեթևություն է առաջացրել ԱՀ-ում և համագործակցության լավ հիմք դրել՝ հետագայում ծառայությունների պլանավորման և զարգացման առումով:
Լևոն Գրիգորյանն անդրադարձել է նաև ԱՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման տեսլականին՝ ընդգծելով համատեղ ծրագրեր մշակելու, հայաստանյան փորձն ընդօրինակելու և տեխնոլոգիական ընտանիքի անդամ դառնալու կարևորությունը: Կապի, փոստային ոլորտում ծառայությունները հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքները, թվայնացման, կիբեռանվտանգության հետ կապված հարցերը ևս առաջնահերթությունների շարքում են:
Աշխատանքային հանդիպման շրջանակներում տեղի են ունեցել նաև քննարկումներ երկու հանրապետությունների գործընկերների միջև, որոնց մասնակցել են ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալներ Գոռ Մելիքյանը և Վիկտորիա Պողոսյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Էմմա Սարգսյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ինչպես նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանը, ԱՀ «Արցախփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը: