Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը ընդունելի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը՝ գրում է Ermenihaber-ը։
Լը Պենը նշել է, որ չնայած Մակրոնի հետ ունեցած միլիոնավոր տարաձայնություններին՝ կողմ է նրա այն հայտարարությանը, ըստ որի՝ Էրդողանը սադրիչ գործողություններ է իրականացնում։
Ըստ ֆրանսիացի քաղաքական գործչի՝ Մակրոնին ուղղված Թուրքիայի նախագահի սպառնալիքներն իրականում թիրախավորում են Ֆրանսիային։
Սեպտեմբերի 10-ին նախագահ Մակրոնը հայտարարել էր, որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացնում է անընդունելի հորատման գործողություններ։
«Մենք՝ եվրոպացիներս, նախագահ Էրդողանի կառավարության հետ հարաբերություններում պետք է հստակ և վճռական պահելաձև որդեգրենք։ Դա, սակայն, վերաբերում է կառավարությանը, բայց ո՛չ թուրքական պետությանը կամ ժողովրդին»,- ասել էր Մակրոնը։
Մակրոնի հայտարարությանը անդրադարձել էր նաև Էրդողանը։ Նա մասնավորապես ասել էր․ «Հեռու մնացեք Թուրքիայից ու թուրք ժողովրդից»։ Էրդողանը հիշեցրել էր Ալժիրի անկախության համար պատերազմը, Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունը, որը միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց, և որոնցից շատերի արյունն, ըստ Էրդողանի, Ֆրանսիայի ղեկավարության ձեռքին է: