ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հարցին ի պատասխան մեկնաբանեց Արթուր Վաղարշյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրելու հանգամանքը:
Տարասյանը նշեց, որ թեկնածուներն իրենց կամքը արտահայտել են, և հայտարարության հիման վրա եղել է հրապարակային հայտարարություն, թեկնածուներն առաջադրել են իրենց թեկնածությունները: Նա ընդգծեց, որ ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, և մասնագիտական տեսական զրույցում առավել շատ դրական կարծիք հավաքած թեկնածուների վերաբերյալ աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են կարծիքներ:
«Առավել դրական կարծիք հավաքած այդ երեք թեկնածուները ներկայացվել են հանրապետության նախագահին: Վահե Գրիգորյանը երկու անգամ առաջադրվել է տարբեր գումարման ԱԺ-ներում: Երբ այդ երեք դրական թեկնածուներից մեկն առաջադրվել է և հնարավորություն է ունեցել երկրորդ անգամ առաջադրվելու, համաձայնեք, որ արդարացի չէր լինի մնացած թեկնածուներին առնվազն այդ հնարավորությունը չընձեռնել: Երբ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է, Արթուր Վաղարշյանը համաձայնել է՝ զուտ արդարացիության սկզբունքից ելնելով առաջադրվել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,- ասաց Տարասյանը:
Վահագն Հովակիմյանը, սակայն պատասխանը մտահոգիչ համարեց՝ նշելով, որ այս գումարման պատգամավորները չեն փոխվել, իսկ Վահե Գրիգորյանի դեպքում գործ ունեին 6-րդ գումարման և 7-րդ գումարման խորհրդարանների հետ, և նոր խորհրդարանի կազմը 90 տոկոսով տարբերվում է նախորդից:
Տարասյանն ընդգծեց, որ նախագահի աշխատակազմը ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրումը դիտարկել է ոչ թե որպես քաղաքական գործընթացի մի մաս, այլ մասնագիտական դաշտում:
«Երբ եղել են ցանկություն հայտնողներ, և ցանկություն հայտնողներից առավելագույն քանակի ձայներ հավաքած երեք թեկնածու, և արդեն ևս մեկ թեկնածու ունեցել է հնարավորություն երկրորդ անգամ առաջադրվելու: Նշեմ, որ այդ թեկնածուները չեն առաջադրվել նախագահի աշխատակազմի կողմից, այլ իրենք են ցանկություն հայտնել, և արդարացի չէր լինի, որ հնարավորություն չտրվեր մյուս թեկնածուներին առաջադրելու»,- ասաց Տարասյանը: