Ռուսաստանի Սոչի քաղաքում այսօր տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Պուտինի հանդիպումը: Այն անցել է դեմ առ դեմ, փակ դռների ետևում՝ առանց պատվիրակության անդամների մասնակցության: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նախատեսված չէ ստորագրել որևէ փաստաթուղթ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ աղբյուրների, Սոչիի բանակցություններում քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, միության հարաբերությունների թեման, իրավիճակը տարածաշրջանում, առաջացող մարտահրավերներին համատեղ արձագանքելու հարցեր:
Սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցն է նախագահ ընտրվելուց հետո: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպման ժամանակ իր աջակցությունն է հայտնել ճգնաժամը հաղթահարելու Բելառուսի առաջնորդի ծրագրերին: Խոսքը սահմանադրական բարեփոխումների մասին է, որը Լուկաշենկոն խոստանում է ներկայացնել առաջիկայում:
Պուտինը նաև անընդունելի է համարել Բելառուսի ճգնաժամին այլ երկրների միջամտությունը: «Մոսկվան հավատարիմ է մնում Մինսկի հետ բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և Միութենական պետության շրջանակներում: Մենք կողմ ենք, որ բելառուսցիներն առանց արտաքին ճնշումների, միմյանց հետ երկխոսելով լուծեն իրենց խնդիրները», հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Նա Մինսկին խոստացել է 1,5 միլիարդ դոլարի պետական վարկ:
Լուկաշենկոն էլ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին բելառուսական ճգնաժամի վերաբերյալ դիրքորոշման համար: «Անձամբ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և բոլոր այն ռուսաստանցիներին, որոնք պատրաստ էին աջակցել մեզ հետընտրական այս ժամանակահատվածում: Մենք պետք է դաս քաղենք վերջին իրադարձություններից, որոնց, հուսով եմ, դիմակայեցինք»,- ասել է Բելառուսի ղեկավարը:
Ըստ Լուկաշենկոյի՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին Մինսկին, որ «անհրաժեշտ է սերտ կապ ունենալ ավագ եղբոր հետ և համագործակցել բոլոր հարցերում»: