Պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին՝ ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը հայտարարեց, որ իր համար այնքան էլ ընդունելի չէ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը:
«Ներկայումս Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթները էականորեն տարբերվում են միմյանցից: Մենք՝ դատավորներս, շատ ավելի պահպանողական բնավորություն ունենք, և, իմ կարծիքով, դատական իշխանության հետ կապված ցանկացած գործողություն պետք է ավելի շատ բխի պահպանողական մտածելակերպից: Ինձ համար կտրուկ փոփոխություններն անընդունելի են, և շատ ավելի արժեքավոր են իրավիճակները ֆիքսելը և հասկանալը, թե որոնք են խնդիրները, և դրանք վերացնելը, քան շատ ավելի մեծ անորոշության գնալը և նոր միայն հասկանալը, թե ինչքան նոր խնդիրներ կարող են ստեղծվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,- ասաց Խունդկարյանը՝ հավելելով, որ այդ հարցը որոշողն ինքը չէ:
Ըստ նրա՝ ցանկացած փոփոխություն պետք է լինի խիստ կշռադատված, և ցանկացած փոփոխության կենտրոնում պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ իրագործումը: