Ազգային ժողովն այսօր քննարկեց Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածությունները: Ընտրությունը կկատարվի գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով:
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց, որ քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում, վաղը՝ առավոտյան ժ. 10:10-11:40-ը:
«Մենք առավոտյան կգանք, կգրանցվենք, նիստը կմեկնարկի, զուգահեռ տեղի կունենա քվեարկությունը»,- տեղեկացրեց Հովակիմյանը:
Պատգամավորներին տրվելու է քվեարկվող թեկնածուներից յուրաքանչյուրի համար առանձին քվեաթերթիկ, որում նշված է թեկնածուի անունը:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին, Կառավարությունը՝ Էդգար Շաթիրյանին, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: