Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածությունների քննարկման ժամանակ թեկնածուներից Էդգար Շաթիրյանը, անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե արդյոք կարողացե՞լ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մյուս անդամներից պարզել «տոտալ անվստահության պատճառները», ասաց.
«Կարծում եմ՝ տոտալ անվստահության պատճառները իմանալու անհրաժեշտությունն էր բացակայում: Ինձ համար գոյություն ունեն որոշակի արժեքներ, սկզբունքներ, որոնց վրայով պատրաստ չեմ անցնել ոչ մի պարագայում՝ անկախ նրանից՝ ինձ ինչ պաշտոն է առաջարկվում»,- ասաց Շաթիրյանը:
Շաթիրյանը նաև նշեց՝ հաճախ Բաբաջանյանն իրեն մեղադրել է նրանում, որ նախորդ իշխանությունների օրոք հանցավոր մասնակցություն է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների ընդունմանը: Շաթիրյանն ընդգծեց, որ հրապարակավ բարձրաձայնում է, որ այդ օրենքը կատարելագործման կարիք ունի, և ինքը ևս ընդգրկված է եղել այդ օրինագծերի փաթեթի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի կազմում: