Ազգային ժողովում ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, որն առնչվում էր նրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հեռանալուն, և որում հարցադրում էր արվում, թե արդյոք չի՞ ստացվի այնպես, որ եթե քաղաքական մեծամասնությունը նրան ընտրի, ու նա գնա ՍԴ և չընտրվի ՍԴ նախագահ, կարող է որոշել, որ ՍԴ-ում անելիք չունի:
Շաթիրյանը նշեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հեռանալու վերաբերյալ իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում արդեն ներկայացրել է որոշակի պարզաբանումներ: Նա շեշտեց՝ կարծում է՝ այդ հարցը բավական շատ է շահարկվում առանձին անձանց, շրջանակների կողմից:
ՍԴ դատավորի թեկնածուն ընդգծեց, որ հրաժարականի պատճառները հստակ շարադրել է իր հրաժարականի տեքստում: Ասաց, որ պատճառներից մեկը եղել է առկա իրողությունների անհամատեղելիությունը պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումների հետ: Ընդգծեց՝ հրաժարականի մյուս պատճառը բնավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում չընտրվելը չէր:
«2015 թվականից մինչև 2019 պաշտոնավարելով որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ կարծում եմ՝ առնվազն բարոյական իրավունք ունեի հավակնելու նոր մարմնի նախագահի պաշտոնին»,- ասաց Շաթիրյանը՝ շեշտելով, որ իրացնելով բարոյական իրավունքը՝ առաջադրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում: