«Որևէ պաշտոնում որևէ թեկնածուի քննարկման տրամաբանությունը այդ թեկնածուի արժանիքների վերհանումն է, այն շրջանակի ուրվագծումը, թե ինչպիսին պետք է լինի առաջադրված թեկնածուն: Երվանդ Խունդկարյանի պարագայում միանգամայն այլ է: Նրա թեկնածության քննարկումն այն մասին է, թե ինչպիսին չպետք է չլինի ՍԴ դատավորի թեկնածուն»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱԺ պատգամավորներին հասու է դարձել Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը:
«Դա մեր ընտրության համար պետք է կարևոր և առարկայական նշանակություն ունենա: Եթե մենք չենք կարևորում այդ զեկույցը՝ կարծում եմ, որ մենք անդառնալի հարված ենք հասցնում այդ մարմնին: Հայաստանի իրողություններին անծանոթ մեկի համար Երվանդ Խունդկարյանի կենսագրությունը կարող է շատ տպավորիչ լինել, քանի որ նա զբաղեցրել է տասնյակ պատկառելի պաշտոններ, բայց այդ փայլը խամրում է անմիջապես այն պահին, երբ հիշում ենք, թե որ համակարգում է Խունդկարյանը զբաղեցրել այդ պաշտոնները, և թե ինչպես է նրա անմիջական մասնակցությամբ ապականվել այդ կարևորոգույն պետական ինստիտուտը, ինչպես է Խունդկարյանի պաշտոնավարման ժամանակ այդ համակարգն ամեն օր ավելի մշուշոտ դարձրել Հայաստանի ժողովրդավարական ապագան»,- ասաց Բաբաջանյանը:
Պատգամավորը նշեց, որ մինչև Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալը Խունդկարյանը հասցրել է որպես դատավոր աշխատել Հայաստանի տնտեսական դատարանում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, ՀՀ վճռաբեկ դատարանում:
«Ահա այս պաշտոններում է դրսևորվել Երվանդ Խունդկարյանի, այսպես ասենք, մեծագույն վնասարարությունը, որով մեծագույն վնաս է հասցվել պետության ու դատական համակարգի հեղինակությանը: Որպես Վճռաբեկ դատարանի նախագահ՝ նրա մասնակցությամբ կայացված մեկ տասնյակից ավելի որոշումներով, ՄԻԵԴ կողմից արձանագրված խախտումների հիմքով, ՀՀ-ին մոտ 306 հազար եվրոյի փոխհատուցում է տրամադրել ՀՀ-ն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից խախտում է ճանաչվել առնվազն 10 այնպիսի գործերով, որտեղ պետության կարիքների համար օտարվել է անհատներին պատկանող սեփականությունը և այդ հիքմով առաջացրել սեփականության իրավունքի՝ առանձին դեպքերում արդար դատաքննության իրավունքի խախտումներ»,- ասաց Բաբաջանյանը՝ նշելով, որ անչափելի է այն վնասը, որ դատական համակարգի ու պետության հեղինակությանը Խունդկարյանը հասցրել է իր կայացրած՝ այդ թվում մի շարք այլ աղմկահարույց գործերի վերաբերյալ վճիռներով: