Մի քիչ հուզված, բայց ծաղիկներով ու պայուսակով առաջին անգամ դպրոց մտնող փոքրիկների համար նաև նոր կանոններ են ավելացել. կորոնավիրուսը դեռ չի հեռացել:
Իրարից հեռու պիտի կանգնեն նաև առաջին դասին ուղեկցող ծնողները: Իսկ արդեն դպրոցի մուտքի մոտ ջերմաչափվելուց ու ձեռքերն ախտահանելուց հետո նոր տեսակի հիվանդության մասին պետք է իմանան. գնահատականների մատյանից բացի՝ մեկ այլ մատյանում էլ կգրանցվեն ջերմություն ունեցողներին:
Դիմակներն էլ պարտադիր են՝ 4 ժամը մեկ փոխելու պայմանով: Ու թեև առաջին դասարանցիների սեպտեմբերի մեկն առաջին անգամ սեպտեմբերի 14-ին է սկսվել, շնորհավորանքները նույնն են:
Նաև ուսուցիչների մասին. բարձր ռիսկային խմբի 1280 ուսուցիչ հեռավար կաշխատի: Դասերին օնլայն կհետևի 2426 աշակերտ: Ի դեպ, աշակերտը կարող է դպրոց չգնալ, եթե տան անդամներից մեկը ռիսկային խմբում է, կորոնավիրուսի ախտանիշներ ունի, կամ արդեն հաստատվել է կորոնավիրուսային թեստի դրական պատասխանը:
Մյուս աշակերտների համար սեպտեմբերի 1-ն այս տարի կսկսվի սեպտեմբերի 15-ից լավ լուրով. նոր ուսումնական տարվա մեկնարկին կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, և նրանք տարվա ընթացքում մեկ անգամ անվճար տոմսեր կունենան՝ թանգարաններ ու մշակութային կենտրոններ գնալու համար: