Ազգային ժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին ի պատասխան, թե ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել երկրում դատական իշխանության հանդեպ հանրության վստահությունը բարձրացնելու հարցում, ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը նշեց, որ դատավորները ևս շահագրգռված են իրերի իրական դասավորվածությունը վեր հանելու հարցում:
«Դատավորներն էլ շահագրգռված են պարզելու համար, թե իրականում որտեղ են տեղի ունեցել իրենց աշխատանքում թերացումները, որոնք են շտկելի իրենց իսկ աշխատանքի արդյունքում, և որոնք՝ օրենսդրական համախպատասխան փոփոխությունների արդյունքում»,- ասաց նա:
Խունդկարյանը շեշտեց, որ պետական կառույցի վստահության չափորոշիչները վեր հանելիս այդ ամենը պետք է ամրագրվի օրենսդրության մակարդակում, որևէ կազմակերպությունում, որ անընդհատ պարբերաբար իրականացվի այդ մոնիտորինգը: Նրա խոսքով՝ այդ մոնիտորինգը պետք է իրականացվի իրական շահառուների միջև:
«ՀՀ դատարանները տարեկան ստանում են մոտ 170 հազար քաղաքացիական գործ, և 170 հազարից տարեկան ավարտվում է մոտ 120 հազարը: Մենք քաղաքացիական գործերով, որպես կանոն, ունենում ենք մինիմում մեկ հակադիր շահերով օժտված կողմ և X անձի հաղթանակի դեպքում Y անձը միշտ դժգոհ է լինելու, և այս ամենը, եթե հաշվարկենք, կստանանք դժգոհողների մեծ զանգված: Բայց բոլորովին այլ կազմակերպության կողմից Եվրոպայի խորհրդի և ԵՄ կողմից տեղի է ունեցել շահառուների կողմից դատարանի աշխատանքներից բավարարավածության վերաբերյալ հետազոտություն, և այդ հետազոտության արդյունքները բոլորովին այն չեն, ինչը մենք կստանանք մյուս հետազոտությունների դեպքում: Այստեղ հարցմանը մասնակցել են կոնկրետ դատարանների աշխատանքներից օգտվող անձինք, և արդյունքում դատարանների աշխատանքներից բավարարվածության աստիճանը միջինացված եղել է 50 և ավելի տոսկոս, որը, իմ կարծիքով, ցածր ցուցանիշ չի կարող լինել»,- ասաց Խունդկարյանը:
Նա շեշտեց, որ դատավորները կարող ենք խոսել միայն իրենց դատական ակտերով և ավելին չեն կարող ներկայացնել: Խունդկարյանն ասաց, որ ընդունում է նաև, որ դատարաններն ունեն թերացումներ հասարակության հետ շփման տեսանկյունից, և, ըստ նրա, չկա բավարար ներուժ ու գործիքակազմ, որ հասարակությանը ներկայացվի, թե իրականում ինչ աշխատանք են անում դատարանները: