Մեկնարկել է Ազգային ժողովի յոթերորդ գումարման 5-րդ նստաշրջանի նիստը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց օրակարգը, ասաց, որ առաջին բաժնում կա պարտադիր քննարկման 40 հարց, իսկ երկրորդ բաժնում՝ գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունը ստացած 26 նախագիծ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ առաջարկեց օրակարգ ընդգրկել «Սոցիալական աջակցության» օրենքի փոփոխությունների նախագիծը, որն ստացել էր գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը: ԱԺ-ն, սակայն, քվեարկությամբ մերժեց նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցը:
ԱԺ նախագահը ներկայացրեց, որ սեպտեմբերի 14-ին գումարվող նիստերի առաջին բաժնում պարտադիր քննարկման 32 հարց կա, երկրորդ բաժնում՝ 25: Պատգամավորները քննարկելու են նաև ՍԴ դատավորի ընտրության հարցը. ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:
«Ճանապարհային երթևեկության ապահովման» օրենքում փոփոխություն և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի, «Կինեմատոգրաֆիայի» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի համար տևողությունը կսահմանվի մինչև երկու ժամ: